Արդեն քանի օր է «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամները և «Լույսի բանակ»-ի հիմնադիր Կարեն Արայանը սոցցանցերում միմյանց են վիրավորում և քննադատում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վեճը առաջացել է այն ամենից հետո, ինչ կողմերից մեկը (ինչպես մեզ են հայտնել՝ Կարեն Արայանը) որոշեց իրենց համատեղ հանդիպումներից լուսանկար հրապարակել սոցցանցերում, իսկ մյուս կողմը կտրականապես դեմ էր։
Կատարվածի վերաբերյալ մանրամասներ իմանալու համար՝ մենք դիմեցինք երկու կողմերին էլ։
ԱԺԲ-ից մեզ հայտնեցին․ «Օգոստոսի 15-ին Բևեռը հանրահավաքի ամփոփիչ իր ելույթում, Խորհրդի անդամ Գարեգին Չուրխազյանը հրապարակեց, որ Ալիևի թելադրած սահմանադրական փոփոխությունները կանխելու համար հաջորդ քայլով Բևեռն սկսում է գործընթաց՝ այս օրակարգի շուրջ համախմբում ապահովելու նպատակով։ Հանրահավաքին ներկա էր նաև Կարեն Արայանը»։
Ինչպես ԱԺԲ-ից են հայտնում՝ այս հանդիպումից հետո օգոստոսի 16-ին Կարեն Արայանն ու Ժիրայր Սեֆիլյանը հանդիպել են, որի ժամանակ էլ օգոստոսի 19-ի ԱԺԲ-ի հերթական հանդիպման առաջին հրավերը Սեֆիլյանը տվել է Կարեն Արայանին։
«Այս հանդիպումից հետո Կարեն Արայանը յութուբյան իր ալիքում հայտարարում է, որ սկսել է համախմբել ժողովրդին, հայրենասերների ճակատ ստեղծել և իր նախաձեռնությամբ հավաքին էլ հրավիրել է Ժիրայր Սեֆիլյանին ու Արա Պապյանին։ Նա այդ եթերում առաջարկում է ժողովրդին փողոց հանել։ Նա ոչ թե ցանկանում է քաղաքական գործընթաց սկսել, այլ քաղաքական սելֆի անել»,- հայտնեցին ԱԺԲ-ից։
Համատեղ հանդիպումից Կարեն Արայանը ցանկացել է լուսանկար հրապարակել, ինչին կտրականապես դեմ է եղել Ժիրայր Սեֆիլյանը՝ պարզաբանելով, որ դեռ նախնական փուլում է, չկա որևէ արդյունք, որևէ համաձայնություն։
Ըստ ԱԺԲ-ի՝ Արայանի համար քաղաքականությունը լուսանկարվելն է ու շոու անելը, անուն հանելը։
«Արայանի այսօրվա աղմուկը վաղվա լռության մեջ կկորչի։ ԱԺԲ-ն շարունակելու է իր ճանապարհը՝ գործով, գաղափարով ու տարիներով կոփված փորձով»,- համոզված են ԱԺԲ-ում։
Հակառակ կողմը՝ Կարեն Արայանը, մեղադրում է ԱԺԲ-ին։ Կարեն Արայանի հետ զրուցել չստացվեց, բայց մենք ուսումնասիրեցինք նրա ֆեյսբուքյան և յութուբյան էջերը։ Կլոր սեղանի գաղափարը լղոզվեց՝ շնորհիվ Ժիրայր Սեֆիլյանի և Արա Պապյանի։ Կարեն Արայանը պնդում է կլոր սեղանի նախաձեռնությունն իրենն է եղել և իր միտքը գողացել են։
«ԱԺԲ-ն անգամ միտք չի ունեցել կլոր սեղանի, թե չէ Ժիրայր Սեֆիլյանը նախօրոք կհայտարարեր իր հարցազրույցներում։ Հանդիպումից հետո բոլորս համաձայնվեցինք կարծիքներով կիսվել և հանրությանը ներկայացնել մեր քննարկումները, սակայն, ինչպես Արայանն է նշում, բոլորը կարծիք են հայտնել, բացի Ժիրայր Սեֆիլյանից։ Վերջինս կիսվել էր միայն Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումով, ինչը Արայանի մոտ ևս դժգոհություն առաջացրեց, քանի որ, ըստ նրա, ԱԺԲ-ն, հատկապես՝ Ժիրայր Սեֆիլյանը փորձլ է հանրությանը ներկայացնել, թե համախմբման գաղափարը իրենցն է»,- յութուբյան իր ալիքում նշել է Կարեն Արայանը։
Նանիկ Աղասյան

























































































