ՀՀ ԱԺ-ն երեկվանից նոր նախագահ ու փոխնախագահ ունեցավ: Օրվա առաջին կեսին կայացան ԱԺ նախագահի ընտրությունները. արդյունքում ԱԺ խոսնակ ընտրվեց Սամվել Նիկոյանը: Իսկ արդեն երեկոյան արտահերթ նիստով ԱԺ փոխնախագահ ընտրվեց Էդուարդ Շարմազանովը:
Չնայած իշխանությունները գործադրել էին ամեն ջանք՝ ԱԺ նախագահի քվեարկությանը հնարավորինս շատ պատգամավորների մասնակցություն ապահովելու համար, բայց կարողացել էին խորհրդարան բերել 106-ին: Նրանց թվում էին Ռուբեն Հայրապետյանը, Արկադի Համբարձումյանը, Լեւոն Սարգսյանը, այսինքն՝ մարդիկ, որոնք ամիսներ, գուցե եւ տարիներ ի վեր ոտք չէին դրել խորհրդարան: Արդյունքում ստացվեց այնպես, որ «Ժառանգություն» կուսակցության թեկնածուին` Լարիսա Ալավերդյանին, կողմ էր քվեարկել 4 հոգի, իսկ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանին` 102 հոգի: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Սամվել Նիկոյանը երեք տարի առաջ ԱԺ փոխնախագահ էր ընտրվել 104 ձայնով, իսկ ահա ԱԺ նախագահ ընտրվեց 102 քվեով: Իսկ Լարիսա Ալավերդյանը, ով առաջադրվել էր նաեւ ԱԺ նախագահի նախորդ ընտրություններում, այս անգամ մեկ ձայն պակաս ստացավ: ԱԺ նախագահի ընտրությունների արդյունքներն էլ հրապարակվեցին այն ժամանակ, երբ 2012թ. պետական բյուջեի լրամշակված տարբերակի ներկայացման համար խորհրդարան էր եկել կառավարությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ: Ու Նիկոյանի ընտրության մասին հայտարարվեց հենց Տ.Սարգսյանի ներկայությամբ: Դրանից հետո վարչապետը բարձրացավ ԱԺ նախագահի սենյակ՝ շնորհավորելու նրան: Եւ «հին ընկերների» հանդիպումից հետո ԱԺ երրորդ հարկում ալկոհոլի նուրբ բուրմունքն էր տարածվել: Միայն թե պարզ չեղավ՝ Տիգրան Սարգսյանը Սամվել Նիկոյանին կոնյակո՞վ էր շնորհավորել, շամպայնո՞վ, թե՞ վիսկիով:
Ինչեւէ, երեկ ՀՀԿ-ն փորձել էր հնարավորինս շատ ձայն ապահովել նաեւ Էդուարդ Շարմազանովի համար: Սակայն չստացվեց: Արտահերթ նիստին մասնակցեց ընդամենը 98 պատգամավոր: Նրանցից 92-ը քվեարկեց Շարմազանովի, իսկ 6 հոգին էլ՝ «Ժառանգության» թեկնածու Արմեն Մարտիրոսյանի օգտին:
Երեկվա ընտրություններում ուշագրավը, թերեւս, քվեարկության արդյունքներն էին, մասնավորապես՝ իրենց ընդդիմադիր համարող ՀՅԴ խմբակցության կեցվածքը: Եթե կոալիցիոն ուժերի դեպքում հայտնի էր, որ նրանք պետք է միաձայն կողմ քվեարկեն ՀՀԿ թեկնածուին, ապա անհասկանալի էր ՀՅԴ պահվածքը: Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» խմբակցությունն առաջադրեց իր թեկնածուներին, ընդդիմադիր ՀՅԴ-ն որոշեց՝ իրենց պատգամավորներն ազատ են իրենց քվեարկության հարցում: Արդյունքում ստացվեց այնպես, որ ընդդիմադիր ՀՅԴ-ն եւս քվեարկեց կոալիցիայի նման: Մասնավոր զրույցներում ՀՅԴ-ականները պնդում էին, որ «Ժառանգության» առաջադրումներն ընդամենը շոու էին, որ դրանք ինքնանպատակ քայլեր էին, այլապես կարող էին մինչեւ առաջադրումը խորհրդակցել իրենց հետ: Ավելին, նույնիսկ օրինակ էր բերվում, որ թեեւ «Ժառանգություն»-ից գրանցվել էր 5 հոգի, բայց Լ.Ալավերդյանին քվեարկել է ընդամենը 4 հոգի, այն էլ խիստ կասկածելի է, որ այդ 4-ը հենց «Ժառանգության» անդամներն են: Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն էլ պարզապես ասաց. «Առաջադրվել էր ինչի՞ համար: Որ ընտրվե՞ր: Մեզ որեւէ բան չի ասվել, որ նման լուրջ ցանկություն կա: Գործընկերը պետք է գա, ասի, որ իր մտադրությունը լուրջ է: Մենք նման տեսակետ չենք իմացել»: Իսկ թե այդ դեպքում ինչու ընդդիմադիր ՀՅԴ-ն իրեն պահեց կոալիցիայի նման, քանի որ կարող էր պարզապես բոյկոտել այս ընտրությունները, համոզիչ պատասխան չհնչեց: «Ժառանգություն» խմբակցությունից Անահիտ Բախշյանն էլ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ հետեւությունները թողնում է մեզ, ինքը չի ցանկանում այսքանից հետո հետեւություններ անել:
ԴԵՄ ԸԼԼԱԼՈՎ՝ ԿՈՂՄ ԿՊՈՌԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ