Armenian text to speach

25 երկրների ԱԳ նախարարներ և ԵՄ հանձնակատարը հորդորել են Գազայում բացել հումանիտար միջանցք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

25 պետության արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև Եվրամիության հանձնակատարը, ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով՝ Հաջա Լաբիբը, հանդես են եկել համատեղ կոչով՝ ստիպել Իսրայելին վերագործարկել հումանիտար միջանցքը Գազայի հատվածից դեպի Արևմտյան ափ և Արևելյան Երուսաղեմ՝ հնարավորություն տալու վիրավոր պաղեստինցիներին տեղափոխվել բուժման նպատակով։

Ըստ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության՝ միջազգային համայնքը հստակ պահանջում է վերացնել սահմանափակումները, որոնք խոչընդոտում են բժշկական տարհանումներն ու պատշաճ բուժօգնության իրականացնումը։

«Մենք վճռական ենք՝ ապահովելու, որ վիրավոր պաղեստինցիները ստանան իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը Պաղեստինի տարածքում։ Հումանիտար միջանցքի վերաբացումը կենսական նշանակություն ունի այս նպատակին հասնելու համար», — ասված է հայտարարության մեջ։

Համատեղ հայտարարությանը միացել են Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Դանիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իտալիայի, Կանադայի, Կիպրոսի, Լյուքսեմբուրգի, Լիտվայի, Մալթայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի արտգործնախարարները։

Բացի հումանիտար միջանցքի վերագործարկման պահանջից, ստորագրող կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել աջակցել տեղում իրականացվող բժշկական ծրագրերին՝ տրամադրելով ֆինանսական ռեսուրսներ, ուղարկելով մասնագիտական բուժանձնակազմ կամ անհրաժեշտ բժշկական սարքավորումներ։

Նրանք նաև ընդգծել են, որ անհրաժեշտ է անհապաղ վերացնել դեղորայքի և բժշկական տեխնիկայի մուտքի սահմանափակումները Գազայի հատվածում, քանի որ շարունակվող շրջափակումը սրում է այնտեղի հումանիտար ճգնաժամը։

Անի Վարդանյան




Լրահոս