Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Լիբանանի «Հեզբոլլահ»-ը «ավելի կենդանի է, քան երբևէ»՝ հերքելով թուլացման մասին պնդումները։ Նա ընդգծեց, որ եթե շարժումը պարտված լիներ, ԱՄՆ-ը չէր անհանգստանա նրա զինաթափմամբ։ Հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Ղալիբաֆը «Համաս»-ի 2023-ի հոկտեմբերի 7-ի «Ալ-Աքսայի հեղեղ» գործողությունը որակեց օրինական ու ռազմավարական անհրաժեշտություն՝ հավելելով, որ այն իրականացվել է միայն «Համաս»-ի որոշմամբ, առանց Իրանի կամ «Հեզբոլլահ»-ի նախնական գիտության։
Նրա խոսքով՝ Իրանն աջակցում է դիմադրական շարժումներին, սակայն չի միջամտում նրանց որոշումներին, իսկ այդ աջակցությունը նաև Իրանի անվտանգության պաշտպանության միջոց է։
Ղալիբաֆը հավելեց, որ գործողության հաջողությունը հերքեց Իսրայելի «լիարժեք տեղեկատվական գերիշխանության» պնդումները։























































































