Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնել են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Նստաշրջանի շրջանակում նախարարը ելույթ է ունեցել Ղազախստանի կազմակերպած «Առողջապահության առաջնային օղակի ներդրման քաղաքականությունը. քաղաքականության հիմնական փոփոխություններ» հարակից միջոցառմանը:
Անդրադարձել է`
- Բժշկական կազմակերպությունների շենքային պայմանների բարելավմանը` 20 ամբուլատորիայի և 10 պոլիկլինիկայի կառուցում, վերանորոգում:
- Լիցենզավորման պահանջների և պայմանների վերանայում ԱԱՊ կազմակերպությունների կառուցվածքա-կազմակերպչական ձևերի փոփոխություն:
- ԱԱՊ կազմակերպություններում ծառայությունների մատուցման մոդելի վերանայում և ծառայությունների ծավալի ընդլայնում:
- ԱԱՊ օղակում դեղորայքային ապահովման մոդելի և ծավալի վերանայում` մասնավորապես, քրոնիկ հիվանդություններ ունեցող բոլոր պացիենտների համար դեղերի ապահովում:
- Մատուցվող բուժօգնության որակի չափանիշների վերանայում, կադրային ներուժի համալրում, հեռաբժշկության հնարավորությունների զարգացում, մոբիլ ծառայության ներդրում:
- Սքրինինգային ծրագրերի ավելացում:
Իր ելույթում Անահիտ Ավանեսյանն իրականացվող միջոցառումների շրջանակներում առաջնահերթ է համարել ԱԱՊ օղակում ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրման շարունակականությունը և բարելավմանն ուղղված միջոցառումների գերակայությունը ՀՀ ամբողջ տարածքում` անկախ ԱԱՊ բժշկական կազմակերպությունների սեփականության ձևից և պատկանելությունից:
Այդ առումով արդեն իսկ վերանայվել են ընտանեկան բժշկի և ընտանեկան բուժքույրերի կրթական ծրագրերը, առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է ընտանեկան բժիշկների մասնագիտական բնութագիրը և գործառույթները: Ավելացել է նպատակային ծրագրերի շրջանակներում «ընտանեկան բժշկություն» մասնագիտացման համար հատկացվող տեղերը` 2025թ. հատկացվել է 14 տեղ:

























































































