Իրավապահ համակարգում որոշակի հետքի վրա են, բայց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանությունից անցել է 1 օր եւ մարդասպանը չի հայտնաբերվել։ Հայտնի չէ նաև, թե ով է ենթադրյալ պատվիրատուն:
Սեպտեմբերի 23-ին ուշ երեկոյան իր տան բակի առաջ սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, իսկ Վալոդյա Գրիգորյանի ընկեր Արծրուն Գալստյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինչպե՞ս էր գործել «քիլլերը»
Իրավապահ համակարգում ուսումնասիրելով մարդասպանի գործողությունները որոշակի հանգամանքներ են առաջ քաշվել: Մասնավորապես, մարդասպանը պրոֆեսիոնալ է գործել եւ բավականին թիրախային կրակոցներ է արել: Մտածում են՝ կամ որսորդ է, կամ ուժային կառույցի նախկին աշխատակից: Բայց ուշագրավն այն է, որ կրակելուց հետո նա կրկին ստուգողական գործողություն է արել՝ եւս մի քանի կրակոց արձակելով արդեն հատակին ընկած Վոլոդյա Գրիգորյանի վրա, ու չբավարարվելով դրանով, զենքի խզակոթով հարվածել է Գրիգորյանին:
Իրավապահ համակարգում հարց է առաջացել․ կամ ենթադրյալ պատվիրատուն է քիլլերին հանձնարարել, որ նա ստուգողական կրակոցներով սպանի, ու հետո էլ վրեժխնդրության տեսարան սարքի՝ զենքով հարվածելով:
Վարկածներ. Ո՞վ կամ ինչու՞ սպանեց Վոլոդյա Գրիգորյանին
Այս հարցի պատասխանը մինչ օրս մնում է անհայտ: Իրավապահ մարմինները՝ Ներքին գործերի նախարարությունը ու ԱԱԾ-ն արդեն մեկ գիշեր է լուսացնում են Փարաքարի փողոցներում ու փորձում բացահայտել դեպքը, հաստատել վարկածներ: Իսկ ինչ վարկածներ են շրջանառվում՝ որպես սպանության հավանական պատճառ:
Վարկած 1
Դեռեւս այս տարվա փետրվարի 5-ին կրակոցներ հնչեցին Մերձավանում ու սպանվեց ՔՊ-ական համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, որի ընթացքը Ախտոյանն անձամբ նկարել էր լուսամուտից: Քրեական գործով այսօր կա 14 մեղադրյալ ու բոլորը Վոլոդյա Գրիգորյանի մտերիմներ են: Իսկ փոխհրաձգությանը մասնակցած մյուս անձիք, որոնք եւս զինված կռիվ էին տվել նշված օրը, կապ ունեն «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության քաղաքական թիմի հետ, համարվեցին տուժող:
Բայց այդ քննությունը իրավիճակ չէր փոխել համայնքում: Մերձվանում լարված մթնոլորտը շարունակվում էր, համայնքի բնակիչները ArmLur.am-ի հետ տարբեր զրույցներում բազմիցս պնդել են, ինչու արդար քննություն չի գնում, ինչու չեն փորձում գտնել իրական մարդասպանին, այլ քաղաքական հակառակորդների են միայն մեկուսացնում ընտրական գործընթացներից առաջ: Այս պատմությունն աչքի առաջ ունենալով՝ իրավապահ մարմինները քննում են այս վարկածը, թե նախկին կրակոցը ինչքանով կարող էր կապ ունենալ Գրիգորյանի սպանության հետ:
Վարկած 2
Օգոստոսի 4-ին պարեկները ձերբակալել էին ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին: Տեղեկություն տարածվեց, որ նրա մեքենայի միջից հայտնաբերվել է թմրանյութ և ապօրինի զենք: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ նախաձեռնվել է վարույթ հրազեն ապօրինի շրջանառության, թմրամիջոցների ապօրինի իրացնելու հատկանիշներով: Սակայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք առաջադրեցին միայն ապօրինի զենք պահելու համար եւ հիմա նա տնային կալանքի տակ է: Ինչ եղավ թմրամիջոցների իրացման մասով վարույթը, չպարզվեց: Ավելին, մինչ քննչական կոմիտեն քննում էր դեսպանի եղբոր հարցը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շտապեց արդարացնել Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ հրապարակավ հայտարարելով, թե մեքենայում հայտնաբերվածը չի պատկանել Նարեկ Մկրտչյանի եղբորը: Սխալ էին զեկուցել, թե նախարարը փորձում էր փրկել իր նախկին կոլեգայի եղբորը, հարց է:
Այս դեպքի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կադրային ջարդ սկսեց մի շարք համայնքներում եւ նրա հրամաններով ոստիկանության գնդապետ Ասքանազ Դավթյանն ազատվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից, ոստիկանության փոխգնդապետ Ղարիբ Գրիգորյանն ազատվեց Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից: Այս աղմկահարույց դեպքից հետո 2 շաբաթ անց իր տան բակում դաժանաբար սպանվեց Վալոդյա Գրիգորյանը:
Ու քանի որ համայնքում երկու օր է հիշում են, որ ՔՊ-ական Մկրտիչ Մկրտչյանը եւս պանված Վալոդյա Գրիգորյանը ոխերիմ թշնամիններ էին, հիմա իրավապահները որպես վարկած դիտարկում են նաև ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանի եղբոր հետ կատարվածի համատեքստում:
Վարկած 3
Իրավապահները այլ, այդ թվում և կենցաղային վարկածներ էլ են քննում, ստուգելով, թե ընտրված համայնքապետը ում հետ է վերջին շրջանում շփվել, ինչ է կատարվել, ինչ կոֆլիկտ է ունեցել որևէ մեկի հետ, սակայն բացասական տեսակետ արտահայտողներ բացի ՔՊ շրջապատից, Գրիգորյանի մասին իրավապահներին չեն հայտնում: Ուստի իրավիճակն ավելի է բարդանում և փաստ է մեկ բան, որ վարկածները առաջ են քաշվում, սակայն մարդասպանը չկա ու չկա:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































