Արթիկի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Խաչատուր Վարագյանը հանուն արթիկցիների հրաժարվել է ամսական 850 հազար դրամից: -Պարո՛ն Վարագյան, երեք տարի է` քաղաքապետ եք, ի՞նչ եք արել արթիկցիների համար: -Ի՞նչ եմ արել: Էնքան բան. թաղամասերն եմ ասֆալտապատել, մի ամբողջ թաղամաս` Լմբատն եմ անցանելի դարձրել, հնարավոր չէր քայլել, շինարարական մեծ, հսկայական գործեր եմ արել, քաղաքի սանմաքրումն եմ ժամանակին կազմակերպում, ո՞րն ասեմ: Հա՛, քաղաքապետարանի ենթակայության 12 հաստատություններից ոչ մեկը ջեռուցում չուներ, էդ հարցն եմ լուծել: -Կարծում եք` արթիկցիները գո՞հ են Ձեզնից, հաջորդ տարի առաջադրվելո՞ւ եք ՏԻՄ ընտրություններում: -Ինչի՞ պիտի գոհ չլինեն: Մինչեւ իմ քաղաքապետ դառնալն աշխատավարձ չէին ստանում, 6-7 ամիս աշխատավարձի պարտք ունեին: Սաղ փակել եմ, ու ամեն ամիս ժամանակին, հլա դոտացիա չստացած` աշխատավարձը տալիս եմ: Այո՛, առաջադրվելու եմ եւ կարծում եմ` ինձ կընտրեն: -Ձեր եղբայրը` Մխիթար Վարագյանը, պատգամավոր է, առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, եւ ո՞ր կուսակցությանն եք սատարելու ԱԺ ընտրություններում: -Ես հանրապետական եմ, եղբայրս` անկուսակցական: Չգիտեմ` առաջադրվելու է, թե չէ, հարցրե՛ք իրանից: Բայց ես օգնելու եմ ՀՀԿ-ին, իմ հարազատ կուսակցությունն է: -Ասում են` Վարագյան եղբայրները տարբեր բիզնեսներ ունեն, այդպե՞ս է: -Մի՛ հավատացեք, պատգամավոր եղբայրս ոչինչ չունի, սուտ է, որ գրում են, թե իբր բազմաթիվ բիզնեսներ ունի: Մյուս եղբայրս ունի եւ Հայաստանում չէ, բայց աշխատում է Արթիկի համար: Մեր միջոցներով, անձնական ներդրումներով եկեղեցի ենք կառուցում Արթիկում: Ինչ կարողանում` անում ենք: -Ձեր մյուս եղբայրը Ղազախստանի խոշորագույն նավթագազային ձեռնարկության սեփականատե՞րն է: Տեղյա՞կ եք, որ նա պատրաստվում է գնել ռուս-հայկական գազատարի վրացական հատվածը: -Դավիթը (մյուս եղբայրը-Ա.Դ.) կապ չունի գազատարի բիզնեսի հետ, հա՛, նա Ղազախստանում է, բայց շինարարությամբ է հիմնականում զբաղվում: Դրանք սուտ բաներ են. տարածել են, որ իբր եղբայրս է գազատարն առնում, որ երբ գազը թանկանա, ժողովրդին ասեն` Վարագյանն է մեղավոր: -Իսկ Դուք անձամբ բիզնես ունե՞ք: -Ունեի, հացի արտադրությամբ էի զբաղվում, բայց երբ քաղաքապետ ընտրվեցի, թողեցի բիզնեսս: Ժամանակս չի ներում, շատ եմ զբաղված, ծանրաբեռնված: -Պարո՛ն Վարագյան, ասում են` Արթիկում բոլոր հաստատությունների ղեկավարները Վարագյան ազգանունն ունեն: -Բացի քաղաքապետից եւ մեկ դպրոցի տնօրենից, Վարագյան ազգանունով ուրիշ ղեկավար չկա: Դպրոցի տնօրենն էլ գիտեք` ոնց է ընտրվում, ինձ հետ կապ չունի: Հ.Գ. Ի դեպ, հարցազրույցի վերջում քաղաքապետը խնդրեց, եթե հնարավոր է` նշեմ, որ ինքը նախկինում Շիրակի գազի տնտեսությունում էր աշխատում: «Թողել եմ ամսական 850 հազար դրամ աշխատավարձս, ընտրվել քաղաքապետ եւ ստանում եմ 170 հազար դրամ: Ուզեցի ժողովրդիս օգուտ տամ, բա՞»,-ասաց քաղաքապետը: