ԳԱՎԱՌՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ ԵՆ ՏԱՔՍՈՒ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում մարդիկ առկա խնդիրներին շարունակում են հումորով վերաբերվել ու թեեւ ապրում են համատարած հուսահատության մթնոլորտում, բայց կատակելը չեն «թարգում»: Մարզկենտրոնում կենտրոնական ճանապարհների հարակից փողոցներն ուղղակի անմխիթար վիճակում են: Տաքսու վարորդներից ոմանք պատմեցին, որ քանդված ճանապարհների պատճառով գյուղից գյուղ ծննդկան տեղափոխելու ժամանակ հաճախ չեն հասցնում հասնել մինչեւ հիվանդանոց` ծնունդը հենց մեքենայում են «ընդունում»: Ընդ որում, մեքենայում տղաներ են ծնվում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «քյավառցիները» գլխավոր եւ ամենաարդիական խնդիրը համարում են ճանապարհների վիճակը: Տաքսու վարորդ, 61-ամյա Արմենը ցանկություն հայտնեց՝ գրենք այն մասին, որ Գավառը վաղուց դուրս է եկել ՀՀ տարածքից, այն բոլոր առումներով երկրի ամենաանտեսված քաղաքն է, ամենաաղքատը:
Նրա խոսքերով` շատ թաղամասերում տաքսու վարորդներն անգամ հրաժարվում են ուղեւոր տեղափոխել, քանի որ այդտեղով անցնել-դառնալու դեպքում ամբողջ մեքենան ջարդվում է. «Խիղճը լավ բան ա, ես 35-40 տարվա տաքսու վարորդ եմ եւ նման վիճակ հլը չէի տեսել, չեք պատկերացնում, թե ինչ խայտառակություն ա… Օրինակ` Կարմիր գյուղ գնացող ճանապարհը կամ Արծվաքար տանող ճանապարհը ո՞վ պիտի սարքի, ըտեղ նույնիսկ սրբավայրեր կան, մարդիկ մեծ ցանկություն ունեն ընտեղ գնալու, բայց նենց խայտառակ վիճակ ա, որ հնարավոր չի էդ ճանապարհով գնալ ու հետ գալ»:
Մեր զրուցակիցը վստահեցնում էր, որ եթե Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը քայլեր ձեռնարկեր, ապա այդ ճանապարհներն ընդամենը մի քանի օրվա ընթացքում կվերականգնվեին: «Հենց մարզպետարանի հետեւի մասում մի հատ անտանելի վիճակ ա, ամոթ ա էլի՛, ուղղակի ամոթ, էլ ի՞նչ ասեմ… բա էտի վիճա՞կ ա»,-հռետորական հարց ուղղեց 61-ամյա վարորդը:
«Էսա 7 տարի բողոքում ենք… Էս ճանապարհներով հնարավոր չի անցնել, ա՛յ մարդ,  էս ի՞նչ խայտառակություն ա, Բանդի ճանապարհով անցնել չի լինում, մի հատ գլավնի ճանապարհ են սարքել ու վերջ, բա էն մյուսների մասին ո՞վ պիտի մտածի,  ես չեմ հասկանում»,-ասաց Գավառի բնակիչ 52-ամյա Գագիկը: Մեր զրուցակիցներից մի տաքսու վարորդ էլ անկեղծանալով պատմեց իր հետ պատահածի մասին. «Արծվաքար գյուղից մի օր ծնունդ էի տեղափոխում նույն գյուղի հիվանդանոց, որը հայտնի ա, որ ըտեղ ա ծնվել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ճանապարհին էդ կինը ծննդաբերեց, մի 15 օր առաջ էր: Մի հատ էլ Լանջաղբյուր գյուղում ա տենց բան եղել, մենք էլ ստիպված մխիթարվում ենք նրանով, որ առողջ էրեխայա ծնվում, էն էլ` տղա»:
Արձանագրենք, որ Գեղարքունիքի մարզի կենտրոն համարվող Գավառում փողոցներն իսկապես անանցանելի են, մարդիկ երազում են, որ օրերից մեկ օր ՀՀ կառավարությունն իրենց քաղաքի մասին էլ կհիշի եւ ասֆալտապատման խնդիրը լուծի: Գավառցիները շատ հիասթափված են, որոշների հետ զրուցելու ժամանակ պարզեցինք, որ նրանք իրենց «ճամպրուկները» հավաքել են երկրից հեռանալու համար: «Ես էս երկրից մենակ մի տոմսի փող եմ ուզում, վերցնեմ ու գնամ: Ու կանեմ: Մնում եմ ի՞նչ անեմ»,- ասաց մի երիտասարդ` դժգոհելով անգործությունից: Կրպակավար կանանցից մեկն էլ ասաց, որ իրենց 15 բնակարան ունեցող մուտքում ընդամենը մեկ` իրենց տանն են բնակվում: Մնացած դռները փակ են: Մարդիկ, զբաղմունք, ապրելու միջոց չունենալով, հեռանում են հարազատ տներից:
Գավառի ճանապարհների վիճակի մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Գավառի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ` պարզելու համար, թե ինչու են Գավառի փողոցներն այդքան անհուսալի վիճակում: Պատասխանեցին, որ իհարկե խնդիր կա, եւ նախկինում ավելի վատ վիճակ էր, անգամ կենտրոնական փողոցներում: Տեղեկացանք նաեւ, որ վերջերս հայտարարված մրցույթն արդեն կայացել է, եւ 9 կիլոմետր ավտոճանապարհը պետք է վերանորոգվի ու շահագործման հանձնվի մինչեւ օգոստոս ամիսը:
Մի խոսքով, վստահեցրին, որ ինչ-որ քայլեր արվում են, բայց ակնհայտ է, որ դրանք այնքան դանդաղ են ու աննշան, որ ակամայից հիշում ենք վարչապետին վերագրված անեկդոտներից մեկը. «Գնալով երկիրը լավանում է, թե չէ` մնալով բան դուրս չի գա»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս