ԱՃԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում աճել է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների`  2010թ. Հայաստանում գրանցվել է 592  դեպք` 18.9 տոկոսով ավելի, քան 2009 թվականին: Դրանցից 225-ն ինքնասպանություններ են, 367-ը` ինքնասպանության փորձեր, որոնք առավելապես կատարվել են 18-29 եւ 30-65 տարիքային խմբերում: Ընդ որում, 18-29 տարիքային խմբում ինքնասպանության փորձերն աճել են 39 տոկոսով:
Ըստ գիտնականների` ինքնասպանությունները երկու բնույթի են լինում` միտումնավոր եւ ցուցադրական: Ինքնասպանության փորձ կատարողներից շատերը որոշ ժամանակ անց զարմանում են իրենց այդ արարքի վրա, մյուսները նորից են ինքնասպանության փորձ կատարում, իսկ մնացածների փորձն ավարտվում է մահով:
«Ինքնասպանության հարցում մեծ դեր են խաղում ինչպես սոցիալական, այնպես էլ անձնական գործոնները: Վերջիններիս թվին կարելի է դասել հուսալքությունը, թերարժեքության բարդույթը, ինչպես նաեւ հուզական խանգարումները, որոնցում առաջնային դերը պատկանում է դեպրեսիային»,-մեզ հետ զրույցում ասաց Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) հոգեբանության դասախոս Հասմիկ Հարությունյանը: Ապացուցված է, որ ինքնասպանների մեծ մասը տառապում է դեպրեսիայով (ընկճախտ), որը սկսվում է աստիճանաբար: Հաճախ անհատը չի գիտակցում դեպրեսիայի սկիզբը, նա միայն նկատում է, որ վերջին ժամանակները դարձել է թախծոտ, ճնշված, իր մոտ գերիշխում է մելանխոլիկ տրամադրությունը: Դեպրեսիայի զարգացումը հանգեցնում է ինքնասպանության մասին մտածելուն:
«Ինքնասպանությունն ընթանում է երեք փուլով. առաջին փուլում անձը մտածում է մահանալու մասին: Երկրորդ փուլում կոնկրետ մտադրություն է ունենում, որը նաեւ շատ հաճախ ցուցադրական բնույթ է կրում. ուշադրություն գրավել, ինչ-որ մեկին շանտաժի ենթարկել, վախեցնել եւ այլն: Երրորդ փուլը վերջին փուլն է, երբ անձն իրականացնում է ինքնասպանությունը: Հաճախ ինքնասպանություն գործող մարդիկ այնպես են հաշվարկում, որ ինչ-որ մեկը կմտնի եւ իրենց կխանգարի: Սակայն նրանց հույսերը ոչ միշտ են արդարանում»,-նշում է հոգեբանը: Ի դեպ, մի քանի ամիս առաջ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նմանօրինակ դեպք գրանցվեց, երբ 21-ամյա աղջիկն ինքնասպանության էր դիմել հենց նման հաշվարկով, սակայն հարազատներն ուշ էին միջամտել, եւ արդյունքում աղջկա սխալ հաշվարկը ողբերգական ավարտ ունեցավ:
Ինքնասպանությունների աճի մասին ահազանգող մասնագետներին եւ համապատասխան կազմակերպություններին հաճախ հակադարձում են, որ Հայաստանում առկա ցուցանիշը չի գերազանցում մեր հարեւան երկրներում գրանցվող ցուցանիշներին: Նկատենք, սակայն, որ ժողովրդագրական խնդիրներ ունեցող փոքրիկ Հայաստանի համար անգամ նման ցուցանիշները չափազանց մտահոգիչ են եւ համապատասխան ատյանների կողմից պետք է դիտարկվեն որպես ազգային անվտանգության խնդիր: Առավել եւս, որ գրանցված ինքնասպանությունների գերակշիռ մասը սոցիալական պատճառներ ունի. ասել է թե` դրանք հնարավոր է վերացնել:

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս