Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ։
Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների, շինարարի և տեխնիկական հսկողի հետ նա դիտարկել է Ներքին Գետաշենի N1 միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքը։ Ներկայումս իրականացվում են արտաքին և ներքին հարդարման, ներքին ինժեներական ցանցի կառուցման, ինչպես նաև 5-րդ մասնաշենքի տանիքի մոնտաժման աշխատանքներ։
Անդրադառնալով ծրագրի իրագործման տեմպերին՝ կոմիտեի ղեկավարը հանձնարարել է ներգրավել լրացուցիչ աշխատուժ՝ եղանակային պայմանները հաշվի առնելով շինարարական աշխատանքները հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով։
Հաջորդիվ կոմիտեի նախագահը դիտարկել է Լեռնակերտի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոցի կառուցման ծրագրի ավարտական փուլի ընթացքը։ Իրականացվում են արտաքին և ներքին հարդարման, արտաքին բարեկարգման աշխատանքներ։
Դպրոցի տնօրենի, կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների, շինարարի և տեխնիկական հսկողի հետ քննարկվել են շինարարության ավարտի իրատեսական ժամկետները և կատարված աշխատանքների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Եղիազար Վարդանյանը կարևորել է վերջին փուլում ջանքերի կրկնապատկումն ու որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

























































































