ԳՈՐԾԱՐԱՆԸ «ԿԱՆԳՆԱԾ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա սկզբից Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարեւանությամբ սկսեց գործել դրոսելների արտադրամասը: Դրոսելները փոքրիկ ձողիկներ են` պատված ֆերիտով: Դրանք էլեկտրական սարքավորումներ մտնող հոսանքի չափանիշների բարելավման գործառույթ են կատարում: Երեք ամիս է, ինչ ձեռնարկությունն աշխատում է խիստ թերբեռնված` կատարելով միայն փոքր խմբաքանակների պատվերներ: «Արտամետ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ ձեռնարկությունն ավելի քան երկու տասնյակ աշխատողներին աշխատավարձի երկու ամսվա պարտք ունի, որը կազմում է յոթ հազար ԱՄՆ դոլար: Չնայած առկա ֆինանսական դժվարություններին` «Արտամետ»-ը  հարկային պարտքեր չունի: Տնօրենի խոսքերով` այժմ իրենք մատակարարման պայմանագրեր են կնքել ռազմական եւ բժշկական սարքավորումներ արտադրող ռուսական  ընկերությունների հետ, որոնց դրոսելներ պետք է մատակարարեն 2012թ. սկզբից: Այդ ժամանակ «Արտամետ» ՍՊԸ-ի աշխատակիցների թիվն առնվազն կկրկնապատկվի: Սակայն խնդիրն այն է, որ ներկայիս հին հաստոցներով «Արտամետը» միայն սահմանափակ նմուշի դրոսելներ է արտադրում, իսկ  ռազմական եւ բժշկական սարքավորումներ թողարկող ռուսական ընկերություններին անհրաժեշտ են այլ տեսակի, ավտոմատ կերպով արտադրվող դրոսելներ: Տնօրենը վստահեցնում է, որ նոր հաստոցներ գնելու դեպքում իրենց արտադրանքի տեսականին կբազմապատկվի, եւ Ռուսաստանից նոր պատվերներ կստանան: Սակայն նոր հաստոցներ գնելու համար «Արտամետ»-ին հարկավոր է տասը միլիոն դրամ: Ընկերությունը դիմել է վարկատու տարբեր կազմակերպությունների, սակայն անարդյունք:




Լրահոս