«Ժողովուրդ» օրաթերթի հյուրն է «Դժվար ապրուստ» սերիալի գլխավոր հերոսուհի Էլենի դերակատարը` ՇՈՒՇԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: Սովորում է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մասսայական հանդիսությունների եւ ռեժիսուրայի ֆակուլտետում: Ավարտել է նաեւ Աբել Աբելյանի դերասանական պրոֆեսիոնալ ստուդիան: Շուշաննան խոստովանեց, որ երբեք չի ցանկացել դերասանուհի դառնալ, սերիալում էլ հայտնվել է պատահաբար:
-Տանջված, խեղճուկրակ աղջկա կերպար եք մարմնավորում:
-Ժամանակ չունեի մտածելու կերպարիս մասին: Ինձ զանգում է Աբելն Աբելյան ու ասում` փորձի՛, «Արմենիա»-ում այդպիսի պրոյեկտ կա: Երբ սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանն ինձ տեսավ, սկսեց բացատրել` ինչպիսին է Էլենի կերպարը: Սկզբում ինձ թվաց, թե չեմ կարողանա, լացուկոծ, անվերջ խնդիրներ, տանջված աղջիկ, գլխավոր դերակատար, բայց հիմա, ինչպես տեսնում եք…
-Հարմա՞ր եք զգում Էլենի կերպարում:
-Ես սիրում եմ Էլենին, ընդհանուր գծեր էլ ունենք, հակասություններ էլ: Ընդհանուրն այն է, որ ես էլ Էլենի պես մտահոգվում եմ ծնողներիս համար: Համեստություն կա իմ մեջ, իմ չափը գիտեմ: Բայց մի բան էլ կա, որ ինձ բնորոշ չէ: Էլենը մի քիչ մամայի բալա է: Մեկ էլ ինձ նյարդայնացնում է այն, որ Էլենը մեկ դնում, մեկ էլ հանում է Նոյի տված մատանին: Դե եթե չես ուզում Նոյի հետ ընկերություն անել, հանի՛ այդ մատանին, թող գնա՛ էլի: Բոլորին կուլ գնալով` նա կործանում է իր կյանքը:
-Էլենի պես աղջիկներ շա՞տ կան:
-Չեմ կարծում: Ըստ իս, հիմա չկան խեղճ աղջիկներ: Հիմա նույնիսկ խուլ գյուղի աղջիկն է խորամանկ ու ամեն ինչ անում է, որ հասնի քաղաք: Ի դեպ, մարդկանցից տարբեր կարծիքներ եմ լսել Էլենի մասին: Մեկն ասում է` խեղճ աղջիկ է, մյուսն ասում է` շատ տափուկն է, Գոռին ու Նոյին ֆռռացնում է: Այսօր էլ տաքսու վարորդի մեկնաբանությունն եմ լսել, ինչն ինձ համար զարմանալի էր: Ասաց` այս մարդիկ չեն հասկանում, որ Էլենը սիրում է Գոռին, իսկ Նոյը միջոց է, որ նրան մոռանա: Կարող է այդ աղջիկը մտածում է, որ իր կյանքում էլ ոչ մեկը չլինի, որ իրեն կսիրի, հոգ կտանի իր մասին:
-Երբ տաքսու վարորդը Ձեզ ճանաչեց, ինչպե՞ս արձագանքեց:
-Երբ համոզվեց, որ դա ես եմ, ասաց. «Վա~յ, էդքան սիրուն աղջիկ ես, ինչի՞ են կինոյի մեջ քեզ էդքան այլանդակում»: Հետո էլ զարմացավ, որ ես խոսում, ժպտում եմ: Այսօր կանգառում էլ մեկը մոտեցավ ինձ, ասում է` «Արմենիա»-ով մի հատ սերիալ կա, մեջի աղջկան այնքան նման եք:
-Ի՞նչ բամբասանքներ եք լսել Ձեր մասին:
-Ասեմ, ինձ նշանել են Նոյի հետ, հետո Միհրանի: Ի դեպ, շատ բարկացա, որ ինչ-որ թերթ իմ ու Միհրանի երեւակայական նշանադրության մասին գրել էր, ինչպես իրականություն: Կրկին ասում եմ` այդպիսի բան չկա: Բամբասանքների մեջ այս տեսակ բաներ էլ են խոսում, որ հայրս միլիոնատեր է, ինձ առաջ է տանում, ու որ ֆիլմի միջի դերասանուհին իսկապես իմ մայրն է: Կամ որ ես Թիֆլիսից հատուկ եմ հրավիրված, իրականում խեղճ աղջիկ եմ, որովհետեւ դա իմ կյանքն է, ու ես ավելի բնական կխաղամ: Մեկ էլ, որ ես Մեղրիից եմ:
-Արմատներով Մեղրիից չե՞ք: Այդ լուրը ես էլ էի լսել:
-Իրականում ես ծնվել եմ Ծաղկաձորում, մենք այնտեղ չենք էլ ապրել: 3 տարի ապրել ենք Մոսկվայում, իսկ 2000 թվականից ապրում ենք Երեւանում` Զեյթուն համայնքում:
-Նկարահանումների համար բոլորդ էլ հոնորար եք ստանում: Հետաքրքիր է, Դուք ունե՞ք նպատակ, ինչի համար հավաքում եք այդ գումարը:
-Անկեղծ ասած, եթե ես մի քիչ շատ ստանայի, միգուցե կարողանայի հավաքել ու հետո ինչ-որ նպատակով օգտագործեի, բայց քանի որ առանձնապես շատ չեմ ստանում, այդ գումարն ինձ հազիվ է բավարարում: Ես ստանում եմ 150.000 դրամ, դա բավականացնում է տաքսու ուղեվարձին ու մի քանի նվերների:
-Ակտիվ, աշխույժ աղջիկ եք, ինչպե՞ս եք պլանավորում ազատ ժամանակը:
-Եթե ունենում եմ, անցկացնում եմ ընկերներիս ու հարազատներիս հետ: Կարող եմ նաեւ այդ ազատ ժամանակը տրամադրել քնելուն, շատ եմ սիրում քնել: Մի բան էլ կա, որ անում եմ: Երաժշտություն եմ միացնում, քանդում եմ դարակներս, հետո նորից սկսում եմ դասավորել: Անկեղծ ասած, չեմ սիրում նաեւ, երբ օրվա մեջ մի քանի գործ եմ ունենում: Քանի որ ուշանալ չեմ սիրում, սկսում եմ լարվել այդ մտքից, ամոթից գետինը կմտնեմ, եթե հանկարծ ուշանամ:
-Երկրպագուներ կունենաք, վստահ եմ, իսկ սիրելի տղա՞:
-Ընկեր չունեմ, սիրտս ազատ է, հետո էլ իմ սիրտը դժվար է գրավել: Ես կարող եմ շուտ համակրել, բայց սիրել… Լուրջ եմ վերաբերվում այդ հարցին:
«ՀԻՄԱ ՉԿԱՆ ԽԵՂՃ ԱՂՋԻԿՆԵՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ