«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան 2006 թվականին Երևանի թիվ 1 տուն-ինտերնատին առընթեր ստեղծվեց անօթևանների ժամանակավոր կացարանը:
Այն սկզբում ուներ 30 տեղ, հետո 50, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից 60 տեղ:
Մինչ այս կացարանի ստեղծումը, Երևանում նմանատիպ ծրագիր էր իրականացնում Հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը:
Վերջինիս անօթևանների ժամանակավոր կացարանը գտնվում է Վարդաշենում:
Պայմանավորված անօթևան մարդկանց սոցիալական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ` 2014 թվականի հունվարի 31-ից Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանները միավորվեցին:
Արդյունքում այսօրվա դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսավորմամբ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում բնակվում է 18 տարին լրացած 100 մարդ, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում, կորցրել տուն և ընտանիք:
Ժամանակավոր կացարանում մարդիկ կարող են մնալ ոչ ավել, քան 3 ամիս:
Կացարան ընդունված քաղաքացիներն ապահովվում են շուրջօրյա խնամքով, երկուանգամյա սննդով, անհրաժեշտ հագուստով, անձնական հիգիենայի և այլ պարագաններով:
Աշխատանքներ են տարվում անօթևան մարդկանց փաստաթղթերի ձեռքբերման, կարգավիճակների հստակեցման, առողջության վերականգնման, աշխատանքի տեղավորման և ընդհանրապես նրանց կյանք վերադարձնելու ուղղությամբ:
«Այսօր այս 100 տեղանոց միակ կացարանը բավարար չէ Երևանի համար, մենք այլ երկրների նման չունենք մի քանի կացարաններ, դա է պատճառը, որ 3 ամսվա ընթացքում , եթե չի լուծվել անօթևանների կացարանում ապրող մարդկանց սոցիալական խնդիրները, ապա նրանք պետք է դուրս գրվեն և նորից ընդունվեն», – պարզաբանեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:Նշենք, որ կացարանի բնակիչներից 20-ն արդեն աշխատում են:
Էլիզա Զախարյան