«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նորընտիր անդամ, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նոր մեքենա է ձեռք բերել 2024 թվականին։ Խուդաթյանը 562 ձայն էր վաստակել ՔՊ վարչության ընտրություններում։
Վարչության կազմում տեղավորվելուց հետո Խուդաթյանը, այս անգամ էլ Արգիշտի Մեխակյանի հետ է փորձում քարոզչություն իրականացնել։
Armlur.am-ը գրել էր, որ Վաղարշապատ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խութայանը համայնքի գործարարներին «հավաքել» են Դվին հյուրանոցում: Հայտնել էինք, որ Մեխակյանը պետք է գործարարներին ներկայացնի, թե ինչ պլաններ ունի առաջիկայում քաղաքապետ ընտրվելուց հետո:
Այսպիսով, ներկայացնենք, թե ինչ ունեցվածքով է ՏԿԵ նախարարը դարձել ՔՊ վարչության անդամ և լծվել նախընտրական քարոզչությանը․
Դավիթ Խուդաթյանը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերել 2019 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Փարաքարում ընտրությունները տապալած Խուդաթյանը նախորդ տարի, որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոց, հայտարարագրել է 2020 թվականի արտադրության, 8,5 մլն դրամ արժողությամբ TOYOTA մակնիշի մեքենա։
Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 790 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,1 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 700 հազար դրամ, որից 11 մլն 995 հազար դրամը Արմավիրի մարզպետարանի աշխատակազմից է ստացել, քանի որ Արմավիրում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո կրկին նշանակվել էր մարզպետ։
Եկամուտների մի մասը՝ 3 մլն 597 հազար դրամը, Խուդաթյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունից է ստացել, քանի որ նախարար է նշանակվել 2024թ. նոյեմբերի 21-ին։
Եկամտի մյուս մասը ևս՝ 1 մլն 107 հազարը, ՀՀ Արմավիրի մարզի մարզպետարանի աշխատակազմից է։
Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 87 հազար դրամ, որից 18 մլն 610 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Խուդաթյանը հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, միայն մեկ բնակարան է գնել, որն էլ այս 7 տարիներին նրա միակ ձեռքբերումն է եղել։
Հիշեցնենք, որ հեղափոխությունից անմիջապես հետո Արմավիրի մարզի ղեկն իր ձեռքը վերցրած Խութադյանը պարտավորվել էր Փարաքարում ապահովել ՔՊ-ի լիակատար հաղթանակը, սակայն իշխանությունը խայտառակ կերպով տապալեց ընտրությունը, եւ ընդդիմությունը հաղթանակ տարավ։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































