Ազգային ժողովի ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը, համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի, որևէ անշարժ գույք ձեռք չի բերել։ Պատգամավորը 2020 թվականին ձեռք է բերել միայն մեքենա՝ 2008 թկանանի արտադրության TOYOTA մակնիշի։
Նրա բանկային ավանդները կազմել են 60 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 186 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները ևս կազմել են 60 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 932 հազար դրամ, որից ԱԺ աշխատակազմից ստացված եկամուտը որպես աշխատանքի վարձատրությունը կազմել է 8 մլն 339 հազար դրամ։
ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ից ստացել է ևս 3 մլն 592 հազար դրամ, որպես կրկին աշխատանքի վարձատրություն։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 916 մլն 570 հազար դրամ։
Հետաքրքիրն այն է, թե ինչպես է ստացվում, որ ՔՊ-ականներին նման միլիոնների հասնող վարկեր են տրամադրում, իսկ հասարակ քաղաքացիներին՝ ոչ։
2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորի վարկային միջոցները տարեվերջին կազմել են 9 մլն 218 հազար դրամ, իսկ այս գրեթե 1 մլրդ դրամ վարկի ձեռք բերման մասին տարեկան եկամուտների բաժնում ոչինչ չկա։

Հռիփսիմե Հունանյանը 2003 թվականին ավարտել է Երեւանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը:
Ստացվում է, որ նա, չունենալով բարձրագույն կրթություն, դարձել է պատգամավոր, հիմա էլ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է։
Նա 2004-2007 թվականներին աշխատել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի բուժքույր, 2007-2011 թվականներին՝ հերթափոխի պատասխանատու, 2011-2018 թվականներին՝ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր: 2018-2021 թվականներին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր:
2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Հ․Գ․ Հոդվածի հրապարակումից 2 ժամ անց ArmLur.am-ի խմբագրություն զանգահարեցին Ազգային ժողովից և փոխանցեցին, որ տեղի է ունեցել պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրի լրացման վրիպակ, որի արդյունքում 9 մլն 16 հազար դրամ վարկը, դարձել է 916 մլն դրամ։
Էմմա Միքայելյան

























































































