Գյուղը լքում են՝ ստիպված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Սրաշեն համայնքի բնակիչներին ամենևին էլ չի հետաքրքրում, թե ով է նշանակվելու ՀՀ վարչապետի պաշտոնում: Նրանք համոզված են, որ ով էլ որ նշանակվի, ապա իրենց կյանքում դեպի լավը ոչինչ չի փոխվի:

Այս և այլ թեմաներով «Ժողովուրդ»-ը զրուցեց Սրաշենի համայնքապետ Հենզել Աբրահամյանի հետ:

-Գյուղացին քաղաքի բնակիչ չէ: Քաղաքականությունից հեռու են մերոնք:

-Ի՞նչ կտա գյուղին վարչապետի փոփոխությունը:

-Դե, երևի մի բան կլավանա, կամ էլ՝ կվատանա, կամ էլ՝ ոչինչ չի լինի: Նույնը կմնա: Գյուղացին ի՞նչ գիտի, թե ինչ է լինելու:

-Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը երբևէ այցելե՞լ է Սրաշեն:

-Չէ, մեզ մոտ չի եկել: Մենք չենք տեսել իրեն:

-Իսկ գյուղացիներն ի՞նչ են մտածում այս մասին: Ի՞նչ կարծիք ունեն:

-Գյուղացին պարապ չէ, որ նման խոսակցություններ անի: Վաղ առավոտ անասուններին են տանում, հետո՝ բոստան են գնում ու երոկոյան էլ գալիս են քնելու:

-Իսկ Դուք որպես գյուղապետ, ի՞նչ եք կարծում՝ վարչապետի փոփոխությունն ի՞նչ կտա գյուղին: 

-Դե երևի ինչ- որ առավելություն կլինի, էլի: Տեսնենք: Լավին սպասենք, որ լավ լինի:

-Ինչո՞վ են զբաղվում են գյուղացիները:

-Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, գարնանը ցանքս են անում: Բայց դե ամեն տարի եղանակի պատճառով անբարենպաստ պայմաններ են ստեղծվում, դրա համար էլ այդքան եկամուտ չեն ստանում:

-Քանի՞ բնակիչ է ապրում Սրաշենում:

-85 մարդ: Տարիներ առաջ շատ է եղել նրանց թիվը: Երեխաներինը նույնպես: Պատկերացրեք, որ գյուղում հիմա միայն 9 երեխա կա: Իսկ դպրոցի աշակերտների թիվը՝ նախկին 20-ի փոխարեն՝ 9-ն է:

-Առաջնայնին խնդիրը ո՞րն է գյուղում:

-Խնդիրներ շատ կան, բայց ամենակարևորը ջրի խնդիրն է: Գյուղացիները ջուր չունեն, ջրի կարոտ են:

-Ձեր գյուղից ընտանիքներ հեռանո՞ւմ են:

-Հեռանում են, բա ինչ են անում:

-Քանի՞ ընտանիք է այս ընթացքում գնացել:

-Արդեն երեք ընտանիք հասցրել է հեռանալ: Երեքն էլ՝ ամեն մեկը երեք երեխա ունեին:

-Ի՞նչն է պատճառը:

-Այստեղ աշխատանք չկա: Իսկ երեխաներին պետք է պահել, կերակրել, հագցնել, մեծացնել: Այստեղ չէին կարողանում խեղճերը: Դրա համար ստիպված հեռանում են:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս