Հովիկ Աբրահամյանն ո՞վա, որ դեմ գնա. բնակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկար ժամանակ է ինչ Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչները բողոքում են շենքերի բակում ընթացող շինարարության դեմ: Ըստ նախագծի, այստեղ պետք է  կառուցվի 14  հարկանի բազմաֆունկցիոնալ շինություն: Այժմ ավարտվել է նաև երկրորդ հարկի կառուցումը:

Շինարարության օրինականությունն այժմ վիճարկվում է Վարչական դատարանում: Փաստաբան Ալբերտ Կանդալյանը Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, թե դատարանը մերժել է շինարարության կասեցման մասին միջնորդությունը: Նա նաև հավելեց, թե գործը ընթանում է, կարող է և անվավեր ճանաչեն, բայց դեռ պարզ չէ թե երբ:

«Դատավորը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը` կասեցնել շինարարությունը մինչև վճռի ընդունումը: Ես էլ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցի, ամսի 26-ին եթե չբավարարի միջնորդությունը, մենք հայցադիմումից հրաժարվում ենք` դատարանին չվստահելու համար և նորից մուտք կանենք դատարան` թող ուրիշ դատարանը քննի», – նշեց նա:

Մենք նաև զրուցեցինք Սայաթ-Նովայի բնակիչ Ալբերտ Սարգսյանի հետ, ով նշեց որ շինարարությունն ընթանում է լայն թափով:

«Շինարարությունը լայն թափով անում են, արհամարհած ունեն ամեն ինչը: Իշխանության ամբողջ թևերը կանգնած են սրանց հետևում», – նշեց նա:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք  իրենք պատրաստվում են նշված խնդրով դիմել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նա նշեց.

«Ճիշտն ասած իմ ընկերները ինձ խորհուրդ են տվել դիմել, բայց ուժ չունեմ: Ես գիտեմ, թե որտեղից է սա գալիս: Հովիկ Աբրահամյանը չի կարող դեմ գնալ սրանց: Բայց մենք որոշել ենք, որ մի հատ դիմենք իրեն: Բայց նա չի կարող դեմ գնալ, սա նախագահականիցա գալիս: Հովիկ Աբրահամյանն ովա՞ որ կարողանա էդ մարդկանց առաջն առնել», – նշեց նա:

 

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս