Ըստ Netblocks-ի՝ Աֆղանստանը գտնվում է «ամբողջական ինտերնետային խավարի» մեջ, ինչի հետևանքով կաթվածահար են եղել պետական ու մասնավոր կարևոր հաստատություններ։
Անջատումը տեղի է ունեցել փուլային կերպով․ նախ մի քանի նահանգներում կտրվել են օպտիկամանրաթելային կապերը՝ «անառակությունը կանխելու» պատճառաբանությամբ, այնուհետև երեքշաբթի օրը սահմանվել է համապետական արգելք։
Անջատումը խաթարել է միջազգային և տեղական լրատվամիջոցների գործունեությունը, բջջային ինտերնետի և արբանյակային հեռուստատեսության աշխատանքը, ինչպես նաև խափանել է Քաբուլի օդանավակայանի թռիչքները։
Տեղեկատվության տարածման խափանումներից բացի, լուրջ խնդիրներ են առաջացել կրթության և բիզնեսի ոլորտներում։ Առցանց ուսումնական ծրագրերը, այդ թվում՝ IELTS միջազգային քննությունները, դադարեցվել են, իսկ առցանց ուսուցման հնարավորությունները վերացել։ Բիզնեսի ներկայացուցիչները հայտնում են, որ առևտրի և ֆինանսական գործարքների շուրջ 90 տոկոսը տուժել է ինտերնետի բացակայությունից։
Մինչև անջատումը, միակ հասանելի տարբերակը բջջային ինտերնետն էր, սակայն դրա արժեքը չափազանց բարձր էր․ 100 ԳԲ ամսական փաթեթը արժեր շուրջ 3,500 աֆղանի (մոտ 50 ԱՄՆ դոլար), մինչդեռ Wi-Fi կապը՝ շուրջ 1,000 աֆղանի։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տվյալներով՝ 2024 թվականին Աֆղանստանում մեկ շնչի տարեկան միջին եկամուտը կազմել է մոտ 306 դոլար։
«Թալիբանը» դեռևս պաշտոնական բացատրություն չի ներկայացրել անջատման վերաբերյալ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հնարավոր է ստեղծվի ինտերնետի այլընտրանքային ուղի, սակայն մանրամասներ չեն հաղորդվել։
2021 թվականից ի վեր «Թալիբանի» սահմանափակումները ներառել են կանանց կրթության և աշխատանքի արգելքներ, ինչպես նաև համալսարաններից կանանց հեղինակած գրքերի հեռացում։ Վերջին արգելքը ընդգրկում է մոտ 140 գիրք, այդ թվում՝ գիտական և տեխնիկական ձեռնարկներ։

























































































