Հանրությանը ցնցած սպանության գործը դեռ շարունակվում է քննարկվել տարբեր դիտանկյուններից։ Ինչու՞ պետք է 20 տարեկան Գևորգ Հարությունյանը վրեժի համար սպաներ Փարաքարի ընտրված ընդդիմադիր համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին, որը երբեք որևէ քրեական գործով չի անցել, որևէ մեկի սպանության հետ կապ չի ունեցել:
20 ամյա տղան դաշտում կրակել է սովորել
ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել 20 տարեկան Գևորգ Հարությունյանի խոստովանությունից: Նա իրավապահներին ամբողջությամբ պատրաստված խոստովանել է, թե ինքը գնացել է դաշտամիջյան տարածքում երկար ժամանակ կրակել է սովորել, պատրաստվել է սպանության:
Վրեժ են լուծում հանցանք կատարողից. ինչ էր արել Վալոդյա Գրիգորյանը
ArmLur.am-ին Գևորգ Հարությունյանի հարազատները պատմեցին, որ երբ քննիչը նրան հարցրել է՝ ինչու կրակեցիր, սպանեցիր Վալոդյա Գրիգորյանին և Կարեն Աբրահամյանին, նա պատասխանել է, թե վրեժ եմ լուծել Վալոդյա Գրիգորյանից, իսկ Կարեն Աբրահամյանին չեմ ճանաչել: Նա հայտնել է նաև, որ Արծրուն Գալստյանին ճանաչել է որպես Վալոդյա Գրիգորյանի ընկեր: Իսկ թե ինչու է վրեժ լուծել Վալոդյա Գրիգոյանից, որը որևէ առնչություն չի ունեցել փետրվարի 5-ին Մերձավանի գյուղապետ Մհեր Ախտոանի տան դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որի ընթացքում սպանվել է 29 ամյա Գրիգոր Օհանյանը, ավելին՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայր Պայքար Գրիգորյանը այդ գործով խուլիգանություն անելու համար է մեղադրվում, ոչ թե մարդասպանության:
Հետևաբար հարց է առաջանում. ինչու՞ է 20 ամյա տղան որոշել վրեժ լուծել մի մարդուց, որը փետրվարի 5-ին չի սպանել Գրիգոր Օհանյանին, որևէ մեկին չի պատվիրել սպանություն, որևէ անգամ այդ սպանության գործով չի անցել որեւէ կարգավիճակով, ինչի մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից:
Փարաքարում երկու կողմերը մշտապես բախվել են ընտրությունների թեմայով
Իսկ եթե Քննչական ծառայության ղեկավար Արթուր Պողոսյանը հայտարարում է, թե վենդետա է եղել՝ հայտնելով, որ սպանությունը բացահայտված է, ապա պետք է քննությունը խորանա այն ուղղությամբ, թե ինչ խմբավորումներ են գործել Փարաքարում, ինչ լարվածություն է եղել կողմերի միջև, որի մասին քննչականը չի ասում:
ArmLur.am-ը բազմիցս եղել է Փարաքար համայնքում և ներկայացրել այս տարվա ընթացքում առկա լարված իրավիճակը համայնքում: Նկարագրել ենք, որ Մերձավան գյուղը բաժանվել էր երկու մասի վարչական ղեկավար, ՔՊ-ական Ախտոյանների կողմնակիցներ, և մշտապես գյուղապետ ընտրված Գրիգոյաններ: Նրանց բախումների թեման միշտ եղել է ընտրությունը, երբ Վալոդյա Գրիգորյանի հայրը կամ ինքը հավաքել են շատ ձայներ, Ախտոյանները մշտապես պարտվել են ու հակասությունները խորացել են նախընտրական ու հետընտրական ժամանակահատվածում: Այս քաղաքական բաղադրիչը բարձրաձայն չի քննարկվում քննիչների կողմից, համենայն դեպս Արթուր Պողոսյանը Հ1-ի եթերում ոչինչ չասաց այդ մասին և հանրության համար անհասկանալի է մնում, թե ինչ վենդետայի մասին է խոսքը: Իսկ գուցե ասեք, որ այո, քաղաքական վենդե՞տա է։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































