Ազգային ժողովի նստաշրջանում քննարկվում էր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ Վերջինս մասնագիտությամբ բուժքույր է, և ինչպես նշեց ընդդիմությունը, նրա կենսագրությունը չափազանց «փոքրիկ» է նման պատասխանատու պաշտոնի համար։ Քննարկումների ընթացքում Հունանյանը արձագանքեց քննադատություններին՝ ընդգծելով․ «Շատ էլ, որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատություն, բայց ես անընդհատ սովորել եմ։ Իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն»։
Թեման առանձնահատուկ հնչեղություն է ստանում նաև այն ֆոնին, որ վարչապետի տիկինը հրապարակային հայտարարություններով կրթությունը ներկայացնում է որպես «նորաձևություն» և «հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդ»:
«Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետևյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը»։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Մնում է հարցը՝ ինչու՞ իշխող ուժի բազմաթիվ պատգամավորներ չեն հետևում հենց այս կոչին և չեն կրթվում, մի բան էլ ամբիոնից հայտարարում են, թե չունեն բարձրագույն կրթություն:
Հավելենք, որ Հռիփսիմե Հունանյանը միակը չէ ՔՊ-ում, որ չունի բարձրագույն կրթություն: Գայանե Եղիազարյանը, Ջուլիետա Ազարյանը և այլք նույնպես չունեն բարձրագույն կրթություն: Սակայն նրանք գոնե դեռ ուսանող են:
Անահիտ Պետրոսյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























