«ՀիմնաՏավուշ»-ը չի ուզում օգնել տավուշցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջևանի տարածաշրջանի Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը չի պատրաստվում փոխհատուցել իրենց և վերաքննիչ բողոք է  ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ:

Սեյրան Սարգսյանի տեղեկացմամբ` քանի որ պետական տուրքի գումարը սահմանվածից քիչ է մուծվել, այդ պատճառով վերաքննիչ բողոքը չի ընդունվել և  դատարանը հիմնադրամին որոշակի ժամանակ է տվել պետտուրքի գումարը մուծելու համար: Նախկին գյուղապետի գնահատմամբ` «ՀիմնաՏավուշ»-ը վերաքննիչ բողոքի մեջ ոչ լուրջ փաստարկներ է ներկայացրել:

Հիշեցնենք, որ Սեյրան Սարգսյանն ու ևս 3 դիտավանցիներ դատի են տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին:

Դիտավանցիների հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հեկտար եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար:

Ս. Սարգսյանի խոսքերով՝ հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով իրենց 150 հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում՝ հեկտարի հաշվով՝ ևս 30 հազարական դրամ:

Նրա վկայությամբ՝ ըստ պայմանագրի «ՀիմնաՏավուշ»-ը հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիտացորենը գերհասունացել է, չորացել, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա:

Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 1 միլիոն 860 հազար դրամ, սակայն ակնկալում էին ստանալ 8 միլիոն դրամ եկամուտ: Դիտավանցիները յուրաքանչյուր հեկտարի մշակության համար ծախսել են 350 հազարական դրամ, ընդհանուր՝ 3.5 միլիոն դրամ: Դատավարության ընթացքում «ՀիմնաՏավուշ»-ի ներկայացուցիչները հանդես են եկել հակընդդեմ հայցով:

Դատարանը համարել է, որ եգիպտացորենի հունձը, ինչպես նախատեսված է եղել պայմանագրով, կատարվել է «ՀիմնաՏավուշ»-ի տեխնիկայով, հետևաբար հայցվորներից յուրաքանչյուրը պարտավոր է իր մշակած հողամասերի չափերին համապատասխան կատարել հնձի վարձավճարը:

2014թ. փետրվարի 5-ին դատավոր Արմեն Կուրեխյանը որոշել է դիտավանցիների հայցը բավարարել մասնակի, սկզբնական և հակընդդեմ հայցերով բռնագանձման ենթակա գումարների հաշվանցի արդյունքում «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամից հօգուտ Սեյրան Սարգսյանի բռնագանձել 2 միլիոն 657 հազար 300 դրամ պատճառված վնասի գումար և 50 հազար 896 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Հայկ Ալիխանյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի և 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Վարդան Սարգսյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի և 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Սամսոն Ալիխանյանի 221 հազար 500 դրամ պատճառված վնասի և 2930 դրամ պետական տուրքի գումար:

Դատարանը վճռել է, որպես փաստաբանի վարձատրության գումար, հօգուտ հայցվորների բռնագանձել 200 հազար դրամ:

Հիշեցնենք, որ «Հիմնատավուշ» զարգացման  հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: 2010 թ. մայիսի 22-ին Իջևանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր:

2011 թ. մարտին Ֆրանսիայում երկու կողմերը ստորագրել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով: Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը:

«Մենք՝ գյուղացիներս, պայքարում ենք ցրտահարության, կարկտահարության դեմ, «ՀիմնաՏավուշ»-ի դեմ էլ պայքարե՞ն»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դառնացած հարցրեց Դիտավանի նախկին գյուղապետը:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս