ՀԱՐՑ. Խանութից կատարված գնման դիմաց ՀԴՄ կտրոնը վաճառողը տպել է, բայց մոռացել է այն տրամադրել հաճախորդին: Այդ պահին հարկային տեսուչները խանութում են եղել եւ տուգանել են 150.000 դրամով: Իրավունք ունեն արդյո՞ք ՊԵԿ աշխատակիցներն այս պարագայում ստուգման ակտ կազմել:
28 տարեկան, վաճառող
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 26.08.2004թ-ի «Հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները» հաստատելու մասին թիվ 1325 որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետի բ/ մասի համաձայն` «Պատասխանատու անձը պարտավոր է ՀԴՄ-ի միջոցով տպել եւ գումարը ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն)»: Այս պարտադիր պահանջները (կտրոնի տպում եւ ապրանքի հետ միասին գնորդին տրամադրում) տնտեսվարողի կողմից խախտելու դեպքում նա տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով` համաձայն «ՀԴՄ կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության: Նույն 11-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` «խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է»: Համաձայն «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի` տնտեսվարող սուբյեկտն իրավունք ունի նաեւ ստուգման արդյունքում կազմված ակտը երկու ամսվա ընթացքում բողոքարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ կամ դատարան: Լրացուցիչ տեղեկացվում է, որ նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է տնտեսվարող սուբյեկտի կողմից առարկությունները ներկայացնելու կարգը:
հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տնտեսվարողները սովորաբար խուսափում են կտրոնը տպելուց, եւ այս դեպքում տարօրինակ է, թե ՀԴՄ-ն գործի դնելուց հետո վաճառողը կտրոնն ինչու չի տրամադրել հաճախորդին: ՊԵԿ-ն այսպիսով որեւէ օրենք չի խախտել, իսկ վաճառողները թերեւս բոլորից լավ գիտեն, որ ամսվա ընթացքում անգամ պարկերով կտրոն հավաքելու դեպքում ինչ-որ բան շահելու հավանականությունը շատ փոքր է: