Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի անժամանակ մահից հետո համայնքը պատրաստվում է նոր ընտրությունների և ունի համայնքապետի նոր թեկնածու։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին այսօր՝ 2025 թ. հոկտեմբերի 2-ին, արտահերթ նիստ էր հրավիրել, որը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը։ Օրակարգում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության ժամկետ սահմանելու և համայնքի տոնը նշելու միջոցառումները չեղարկելու հարցերն էին։ Ավագանին որոշեց, որ համայնքի ղեկավար կընտրեն 2025 թ. հոկտեմբերի 7-ին։
ArmLur.am-ի հետ զրույցում «Միասնություն» կուսակցությունների դաշինքի Փարաքար համայնքի ավագանու անդամ Հայկազ Սարգսյանը նշեց, որ ավագանին հոկտեմբերի 7-ին պատրաստվում է համայնքապետ ընտրել Օնիկ Ախվերդյանին՝ ցուցակի հաջորդ հերթական համարին։
«Մենք 100%-ով ընտրելու ենք նրան։ ՔՊ-ն կարող է թեկնածու առաջադրել, բայց նրանք մեծամասնություն չեն, դժվար թե անցնեն»,— նշեց Սարգսյանը։
Նշված արտահերթ նիստում նշվում է, որ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ նախատեսվում էր մի շարք միջոցառումներ՝ հոկտեմբերի 3-ին Փարաքար համայնքի տոնը նշելու համար։ Այդ նպատակով իրականացվել էր գնանշման հարցում, հայտարարվել էր մրցույթ։ Մրցույթը կայացել էր, ընտրվել էր հաղթող։ Սակայն, հաշվի առնելով համայնքի ղեկավարի սպանության հանգամանքը, ավագանին որոշեց գնման պահանջը համարել վերացած և տոնական միջոցառումներ չիրականացնել։
Նշենք, որ 2025 թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Իր տան մոտ սպանվել էր Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, նրա ընկերը՝ Ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ հոգի հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն, 2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կալանավորվել է երկու անձ։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































