Ձկնաբույծերն ու վարչապետի փոփոխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թե ինչպիսին էին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիները ձկնարտադրության ոլորտի համար, հայտնի է բոլորիս: Իսկ թե ի՞նչ կլինի այժմ՝ նրա հրաժարականից հետո, անհայտ է:

«Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս վեց-յոթ տարիների ընթացքում ձկնաբուծարանների ավելի քան 30 տոկոսը փակվեց:

Նրա պնդմամբ՝ պատճառը Արարատյան ջրավազանի ընդերքային պաշարների անարդյունավետ օգտագործումն էր:

Առաջիկայում ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման ծավալը կնվազեցվի 1/3-ով: Բանն այն է, որ Արարատյան ավազանի ջրային պաշարների անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաև խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ:

Չնայած 2007-ից սկսած այս խնդիրն առկա է, ՀՀ կառավարությունը նոր է սկսել միջոցներ ձեռնարկել այն վերացնելու ուղղությամբ:
Նշենք, որ վերջերս կառավարությունը փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, խստացրել է վերահսկողությունը, ինչն էլ ոլորտի պատասխանատուների համոզմամբ, կնպաստի ապօրինի շահագործվող խորքային հորերի նկատմամբ հսկողական համակարգի ներդրմանը և կիրառմանը:

Փաստաթղթով արգելվել է Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվության տրամադրումը. նշված մարզերի համայնքների ղեկավարները չպետք է տրամադրեն նախկինից ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի շինարարական թույլտվություն:

Իսկ ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3-ի հասցնելը, որի համար ջրօգտագործողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաև ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ:

Այդ պատճառով բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքում, «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» և ևս երկու օրենքներում: Նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի մակերևութային և ստորերկրյա ջրերի առանձնահատկությունների հստակեցմանը՝ մասնավորապես կապված ջրային հաշվեկշռի, ջրային պաշարի մոնիթորինգի, ջրի պաշարի պետական կադաստրի, ջրօգտագործման հուսալիության երաշխիքի հետ:

Օրենքների նախագծերը սահմանված կարգով առաջիկայում ներկայացվելու են ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշման համաձայն՝ առաջիկայում պետք է ստեղծվեր միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է քննարկեր և գնահատեր մինչև 2014թ. ապրիլի 1-ը ՀՀ բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը:

Նշենք, որ հանձնաժողովը պետք է գործեր մինչև 2014թ. օգոստոսի 1-ը:
Սակայն «Ժողովուրդ»-ը «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանից տեղեկացավ, որ միջգերատեսչական հանձնաժողովը դեռ չի ստեղծվել: Իսկ թե երբ այն կստեղծվի, անհայտ է:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպիսին էին Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիները ձկնաբույծների համար, Բունիաթյանը կարճ պատասխանեց. «Միանշանակ վատ»:

Նրա խոսքով՝ ջրի հետ կապված խնդիրները մեծ վնաս հասցրեցին ձկնաբույծներին: «Հիմնական կարևորագույն հարցը դա էր: Այս վեց-յոթ տարիների ընթացքում ձկնաբուծարանների ավելի քան 30 տոկոսը փակվել է: Հիմա՝ փորձում ենք այդ տնտեսություններին նոր շունչ տալ, օգնել, որպեսզի սկսեն նորից աճել, զարգանալ: Իսկ պարոն նախկին վարչապետը ոչնչով չէր ուզում աջակցել»,- վրդովված ասաց Բունիաթյանը:

Ապա՝ հույս հայտնեց, որ նոր վարչապետն ավելի լավ կվերաբերվի այս հարցերին և ճիշտ լուծումներ կտա. «Գոնե մեր կայացած ոլորտը զարգացնի, այլ ոչ թե՝ քայքայի»:
Մեկ այլ ձկնաբույծի՝ Կարեն Բարսեղյանի խոսքով, ում ձկնաբուծարանը գտնվում է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներից մեկում, Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիները ծայրահեղ վատ են եղել ձկնաբույծների համար:

«Քանի որ 2007 թվականից սկսած մինչև 2014-ն ավելի մեծ թվով ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել: Դրա համար էլ Արարատյան դաշտավայրն աստիճանաբար ջրազրկվեց: Եթե կառավարության գլխին լուրջ մարդ նստի, ով կկարողանա ճիշտ կառավարել, ապա դեպի լավը կգնանք: Եթե վարչապետի մտքին լինի, ապա մեկ վայրկյանում գյուղատնտեսությունը կզարգանա»,- լրացրեց ձկնաբույծը:

Հավելենք, որ նախօրեին գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հանդիպել է մի շարք ձկնաբույծների հետ և քննարկել ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողական համակարգերի ներդրման խնդիրները:

Ջրօգտագործման ծավալը մինչև 1/3-ի հասցնելու համար ձկնաբուծարաններում պետք է ներդրվեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգեր: Սակայն ձկնաբույծների պնդմամբ՝ այդ համակարգերը մեր հանրապետությունում կիրառելի չեն:

«Հիմա կառուցողական պետք է աշխատենք: Այլ միջոցներ էլ կան ջուրը խնայողաբար օգտագործելու: Իսկ Սերգո Կարապետյանը խոստացավ, որ ամեն կերպ մեզ կաջակցի և մեր կողքին կլինի: Մենք էլ՝ համբերատար սպասում ենք»,- նշեց ձկնաբույծ Կարեն Բարսեղյանը:




Լրահոս