ՀՀ Սյունիքի մարզի Խդրանց համայնքն, ինչպես մեր հանրապետության մյուս համայնքները, օր օրի դատարկվում է: Այս պահին համայնքից շուրջ 72 երիտասարդ ընտանիք գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Այս և այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Խդրանցի համայնքի ղեկավար Գնել Սարգսյանի հետ:
-Այս պահին քանի՞ բնակիչ է ապրում Խդրանցում:
-59 մարդ: Գյուղի 90 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունում է ապրում և աշխատում, իսկ մի մասն էլ՝ Քաջարանում: Գյուղում միայն թոշակառուներ են ապրում ու իրենց թոշակով են յոլա գնում: Զբաղմունք չկա, որ ասեմ մի հիմնարկություն կա, չէ, դա էլ չկա: Մարդիկ ուզում են հողագործությամբ զբաղվել, բայց ջուր չկա:
-Իսկ խմելու ջուր ունե՞ք:
-Ոչ ոռոգման, ոչ էլ խմելու ջուր ունենք: 100 տարվա հնացած, ժանգոտած խողովակի ջուրն ենք խմում, որից հող է թափվում, աղբ է թափվում: Բերենք տանք մեր պաշտոնյաներին տեսնենք կխմե՞ն այդ ջուրը, թե՞ ոչ:
-Իսկ ցանքսով զբաղվո՞ւմ են մարդիկ:
-Համապատասխան տեխնիկա չունենք, որ մարդիկ գոնե դրա միջոցով ցորեն և գարի ցանեն: Արոտի հողեր ունենք, բայց էլի տեխնիկա չունենալու պատճառով չեն կարողանում խոտ հավաքեն, որ անասունին տան: Տրանսպորտ չկա: Գյուղում դպրոց չկա: Չենք էլ ունեցել երբևէ:
-Իսկ աշակե՞րտ:
-Ընդամենը երկուսն են: Այն էլ իմ երեխաներն են: Իսկ դպրոցն էլ գտվում է 3 կմ հեռավորության վրա՝ հարևան Ագարակ համայնքում: Իսկ նախկինում Խդրանցն ունեցել է 60-65 աշակերտ: Ո՞նց եք պատկերացնում՝ երեխան 3 կմ ինչպե՞ս է վաղ առավոտ գնալու, որ հասցնի դասերին:
-Այս խնդիրներին մարզպետ Վահե Հակոբյանը տեղյակ չէ՞:
-Տեղյակ է, մենք էլ սպասում ենք: Ասում է՝ կաջակցենք, կօգնենք: Ես էլ ուզում եմ պեչատս, մանդատս հանձնեմ ու գնամ:
-Ինչո՞ւ, ո՞ւր եք ցանկանում գնալ:
-Բա մնամ, ի՞նչ անեմ, գյուղում ոչ մի բան չկա:
-Ե՞րբ եք հանձնելու Ձեր մանդատը:
-Դե հարմար թեկնածուի եմ սպասում: Գտնեմ՝ կհանձնեմ:
-Հիասթափվե՞լ եք:
-Այ ցավդ տանեմ, 58 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: Ապրում եմ կնոջս, երկու երեխաներիս և մորս հետ: Դուք ո՞նց եք պատկերացնում՝ այդքան գումարով ընտանիքիս ինչպե՞ս պահեմ:
-Իսկ ո՞ւր եք գնալու: Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի՞:
-Գնալու եմ Ռուսաստան, բա մնամ ի՞նչ անեմ: Երեխաներս մեծանում են, որտե՞ղ պետք է ապրեն, սովորեն:
Սյունէ Համբարձումյան