Ազգային ժողովում սկանդալային խոսքերի ու փոխադարձ մեղադրանքների շղթան տեղափոխվել է դատարան։ Ընդդիմադիր պատգամավորներ Թագուհի Թովմասյանը եւ Աննա Գրիգորյանը հայցադիմում են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ որպես զրպարտչի։
Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից հրապարակային ներողություն, զրպարտության հերքում եւ 9 միլիոն դրամի ոչ նյութական վնասի փոխհատուցում. դատավորը Աննա Շիլաջյանն է:
Ինչի՞ց սկսվեց
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Հովհաննիսյանը կոպիտ ու վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ընդդիմադիր գործընկերոջ հասցեին։ Իշխող խմբակցության պատգամավորի խոսքերը ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ հանրային լայն շրջանակներում դժգոհություն առաջացրին, եւ բոլորը, բացի ՔՊ-ից, միաբերան դատապարտեցին Արթուր Հովհաննիսյանին։
Պատգամավորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Հովհաննիսյանին հրապարակային ներողություն խնդրել վիրավորական խոսքերի համար եւ հերքել, որ Թովմասյանը Հյուսիսային պողոտայում 4 բնակարան չունի, ՔՊ քարտուղարը ստել է։
Արթուր Հովհաննիսյանի դեմ այս տարվա հունիսին դատարան էր դիմել նաեւ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա էլ պահանջում է հերքել Հովհաննիսյանի՝ մայիսի 12-ի ելույթի ժամանակ արված արտահայտությունը թե՝ «կնայեք Աննա Գրիգորյանի աչքերի մեջ, կտեսնեք ՀԷԿ-երը»։ Գրիգորյանը, հերքումից զատ, պահանջում է նաեւ 3 մլն դրամ փոխհատուցում, քանի որ երբեք ՀԷԿ չի ունեցել եւ Արթուր Հովհաննիսյանը զրպարտել է իրեն։
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը դատարանի վճռով առաջին անգամ չէ, որ զրպարտիչ է ճանաչվում. «Թիվ 5» լրատվամիջոց, «Ժողովուրդ» օրաթերթ եւ էլի հայցվորներ ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի հաղթել են դատարաններում:
Ո՞ր կաթնամթերքի հիմքում է պարսկական կասկածելի ծագումով սերուցքը. ցանկ
Հայաստանի կաթնամթերքի շուկան, կարծես, հայտնվել է խոցելի վիճակում։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցումների հիման վրա պարզեց՝ Իրանից զանգվածաբար ներմուծվում է ծագումով անհասկանալի սերուցք, որը, ըստ ոլորտի մասնագետների, առանց պատշաճ վերահսկողության դառնում է տարբեր կաթնամթերքի հիմք՝ կարագից մինչեւ պաղպաղակ` «տեղական արտադրության» պիտակով։
«Ժողովուրդ» օրաթերթին ՊԵԿ-ից պաշտոնապես հայտնեցին, որ ներմուծումները կատարել են մի շարք ընկերություններ, որոնց թվում են.
– «Պրոգրես Ս.Ս» ՍՊԸ-ն
– «ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն
– «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն
– «Ստեպպրոգրես» ՍՊԸ-ն
– «Թամարա» ՍՊԸ-ն
– «Միլք ափ պլյուս» ՍՊԸ-ն
– «Խաք» ՍՊԸ-ն
– «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ն
Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ապա, կրկին պաշտոնական տվյալների հղումով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը Իրանից ՀՀ ներմուծվել է շուրջ 1472 տոննա սերուցք։ Ընդհանուր ներմուծման արժեքը գերազանցել է մոտ 1.5 միլիարդ դրամը։ Իսկ 2025-ին 823.5 տոննա սերուցք` ընդհանուր 1,68 մլրդ դրամ արժեքով: Սակայն սրանք դեռ 7 ամսվա տվյալներն են. 2025 թվականը դեռ շարունակվում է:
Այսինքն` ահռելի քանակությամբ սերուցք է մտնում Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթը https://armlur.am/1498783/ դեռ օգոստոսին հրապարակել էր, որ տեղական արտադրության անվան տակ շուկա է մտնում պարսկական սերուցքային հիմքով պատրաստված կարագ կամ կաթնային այլ արտադրանք, որի մի մասը մնում է այստեղ ու, ամենայն հավանականությամբ, հասնում է սպառողի սեղանին կաթի, թթվասերի, կաթնաշոռի, կարագի կամ այլ արտադրանքի տեսքով։ Պնդել, որ Իրանից ներմուծվող կաթի սերուցքը վտանգում է սպառողների առողջությունը, դեռ վաղաժամ է, սակայն բաց աղբյուրների որոշակի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ խնդիր, ամեն դեպքում, կա։ Մասնավորապես՝ ՌԴ-ի համապատասխան մարմինները մի քանի անգամ խոսել են խնդրի մասին, նույնիսկ պահանջել, որ Իրանում արտադրվող կաթնամթերքի գործարաններում տեղադրվեն տեսախցիկներ, որպեսզի ռուսական կողմը կարողանա հսկել ապրանքի արտադրության ընթացքը։ Ակնհայտ է, որ խնդիր նկատվել է ռուս մասնագետների կողմից, ու ըստ որոշ տեղեկությունների՝ հայկական կաթնամթերքի որոշակի խմբաքանակների մուտքը ՌԴ եւս արգելվել է «պարսկական սերուցքի» պատճառով։
Հ. Գ. Հայկական բեռնափոխադրող ընկերությունները հենց սրա համար են հաճախ խնդիրներ ունենում ՌԴ-ում, քանի որ ՌԴ-ն արգելել է այդ սերուցքի հիմքով արտադրության ներմուծումը իրենց երկիր:
Ազգային ժողովի վերջին երկու օրերը կարելի է նկարագրել մեկ բառով՝ «հերթ». ոչ թե օրակարգային հարցերի քննարկման, այլ ընդդիմությանը հերթով վիրավորելու համար։ Թվում է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները գտել են իրենց քաղաքական գոյատեւման բանալին. որքան ավելի կոպիտ խոսեն ընդդիմության հասցեին, կամ գրառում անեն, այնքան բարձր կլինի հաջորդ ընտրացուցակում հայտնվելու հավանականությունը։ Հասկանալի է, որ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը նրանց երկրորդ պլանում է, իսկ ամբիոնին մոտենալը՝ քաղաքական կարիերայի ապահովագրություն։ Դրա համար էլ անգամ այն պատգամավորները, որոնք մի ամբողջ նախադասություն շարադրելու համար նախապես պետք է գրավոր տեքստ ունենան, այսօր մեկ առ մեկ դուրս են գալիս ու կրկնում նույնը, հիշեցնում «նախկիններին», վարկաբեկում ընդդիմությանը եւ ցույց տալիս՝ «հավատարիմ ենք»։ Օրինակ՝ հանրությանը գրեթե ոչինչ չասող անուններ՝ Անուշ Քլոյան, Արմենուհի Ղազարյան, Էմմա Պալյան, Նարեկ Գրիգորյան, Տիգրան Պարսիլյան եւ մյուսներ, որոնց գործունեության մասին ոչ ոք առանձնապես տեղյակ չէր, հիմա փորձ են անում քաղաքական խոսք ձեւակերպել։ Ամբիոնից, իհարկե։ Այս ամենը, թերեւս, ցույց է տալիս մեկ բան. իշխող խմբակցության ներսում ընդդիմախոսին վիրավորելը դարձել է մրցակցություն, իսկ ԱԺ ամբիոնը՝ հերթագրման ցուցակ։ Մնում է պարզել՝ արդյոք այս քաղաքական մարաթոնում վերջնագիծ կա, թե ամբիոնից հնչող վիրավորանքների հաշվին են փորձելու անցկացնել ամբողջ խորհրդարանական շրջանը։























