Armenian text to speach

Վրաստանում հինգ ընդդիմադիրների մեղադրանք է առաջադրվել պետական հեղաշրջման կոչերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հինգ ընդդիմադիրների՝ տեղական ինքնակառավարման  մարմինների ընտրությունների օրը պետական հեղաշրջման կոչերի համար։ Ինչպես հայտնել է դատախազության ներկայացուցիչ Դավիթ Գումբերիձեն, մեղադրանքներ են առաջադրվել հետեւյալ անձանց՝ Փաատա Բուրչուլաձե, Մուրտազ Զոդելավա,  Իրակլի Նադիրաձե,  Փաատա Մանջգալաձե եւ Լաշա Բերիձե:

Նրանք անցնում են այն հոդվածներով, որոնք վերաբերում են Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ իշխանությունը տապալելու կոչերին, ինչպես նաեւ՝ խմբակային բռնություններ կազմակերպելուն, ղեկավարելուն եւ մասնակցելուն։

Հիշեցնեք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանի 64 շրջաններում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Վերջին տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է 81.6% ձայներ։ Բոլոր ինքնակառավարվող քաղաքներում եւս հաղթել են այս կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուները։

Ընդդիմությունը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ պատրաստվում է կազմակերպել «խաղաղ հեղափոխություն», սակայն այդ գործողությունները վերածվել են զանգվածային անկարգությունների։ Ցուցարարները սկզբում հավաքվել էին Ազատության հրապարակում, այնուհետեւ նրանց մի մասը գնացել էր նախագահի՝ Միխեիլ Կավելաշվիլու նստավայր՝ քարերով հարձակվել ու ճեղքել երկաթյա պատնեշները։

Ոստիկանության հատուկ ջոկատայինները ցրել էին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենաներ։ Բախումների հետեւանքով վիրավորվել են վեց ցուցարար եւ 21 իրավապահ։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրանքի սլաքներն ուղղել է Եվրամիության դեսպանի ուղղությամբ՝ նշելով, որ անկարգությունների պատասխանատվությունը նաեւ նրա վրա է։ Նա նաեւ մեղադրել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը՝ ակցիան կազմակերպելու փորձի մեջ։ Կոբախիձեին աջակցել է նաեւ Կավելաշվիլին՝ հայտարարելով, որ Վրաստանում գործում են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ղեկավարվող ուժեր։

Անի Վարդանյան

 




Լրահոս