Armenian text to speach

Հայ շախմատիստը, ով դարձավ համաշխարհային լեգենդ. այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր իր ծննդյան օրն է նշում   հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ շախմատի պատմության ամենավառ կերպարներից մեկը, ով երկար տարիներ համարվում է, ոչ միայն հայկական, այլև միջազգային շախմատի խորհրդանիշը։ Արոնյանը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 6-ին, արդեն 2005 թվականից ընդգրկված է աշխարհի լավագույն 20 շախմատիստների ցուցակում և մինչ օրս չի դուրս եկել այդ ցանկից, ընդ որում՝ մեծ մասն այդ տարիներից անցկացրել է լավագույն տասնյակում։

Արոնյանի շախմատային ուղին սկսվել է վաղ տարիքից, երբ նա ընդամենը ինը տարեկան էր։ Առաջին հաջողությունն արձանագրվել է 1994 թվականին, երբ նա նվաճեց մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով մի շարք ապագա ուժեղագույն խաղացողների, ինչպիսիք են Պոնոմարյովը, Գրիշչուկը և Բակրոն։ 2000 թվականին նա ստանում է գրոսմայստերի կոչում, իսկ արդեն հաջորդ տարի դառնում է Աշխարհի երիտասարդական առաջնության և Հայաստանի առաջնության փոխչեմպիոն։ 2002 թվականին Արոնյանը հաղթում է այդ երկու մրցաշարերում էլ, ամրապնդելով իր դիրքը որպես խոստումնալից երիտասարդ շախմատիստ ։ 2005 թվականին գրանցվում է նրա կարիերայի առաջին մեծագուն հաղթանակներից մեկը՝ հաղթանակ աշխարհի գավաթում, որտեղ Արոնյանը ոչ մի պարտություն չկրեց և դարձավ մրցաշարի անպարտ հերոսը։

2006 թվականին իր փայլուն մասնակցությամբ Աթենքում կայացած Շախմատի օլիմպիադայում նա բերեց Հայաստանի առաջին թիմային ոսկին՝ առաջնորդելով ազգային հավաքականին։

Արոնյանի հաղթարշավը շարունակվում է նաև հաջորդ տասնամյակում։ 2009-ին նա նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ 2010-ին՝ բլից շախմատի։ Այս տարիներին նա նվաճեց նաև «Պատվավոր սպորտի վարպետի» կոչումը Հայաստանում։ 2012-ին և 2014-ին Արոնյանը կրկին բարձունքի վրա էր՝ հաղթելով Tata Steel մրցաշարում, գերազանցելով նույնիսկ այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Կարլսենը, Կառուանան ու Ռաջաբովը։ Այդ հաղթանակները նրան բարձրացրեցին մինչ իր ամենաբարձր վարկանիշը՝ 2830՝ դարձնելով նրան աշխարհի բոլոր ժամանակների չորրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը՝ Մագնուս Կարլսենից, Գարի Կասպարովից և Ֆաբիանո Կառուանայից հետո։

Արոնյանը Հայաստանի ազգային հավաքականի հետ նվաճեց երեք Օլիմպիադայի ոսկե մեդալներ՝ 2006, 2008 և 2012 թվականներին։ Այս թիմային հաջողությունները մեկ անգամ ևս ընդգծում են նրա բացառիկ դերակատարումը հայկական շախմատի պատմության մեջ։ 2017 թվականին նա կրկին հաղթեց աշխարհի գավաթը՝ դառնալով միակ շախմատիստը, ով հաղթել է այդ մրցաշարը երկու անգամ։ Նա այդ տարի նաև անհատական ոսկի է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում։

Չնայած հաջողությունների շարունակականությանը, 2021 թվականին Արոնյանը հայտարարեց, որ այլևս չի ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում՝ նշելով, որ հիասթափվել է ՀՀ կառավարությունից ու երկրի շախմատային քաղաքականությունից։ Նա տեղափոխվեց ԱՄՆ և 2022 թվականին իր առաջին միջազգային ելույթը ունեցավ ԱՄՆ հավաքականի կազմում։ Չնայած այդ որոշման շուրջ հասարակական տարակարծություններին, Արոնյանի շախմատային ուղին շարունակեց մնալ կայուն ու հաղթանակներով լեցուն։

Վերջին տարիներին Արոնյանը   շարունակում է խաղալ բարձր մակարդակով՝ ապացուցելով, որ անգամ 40 տարեկանից հետո նա մնում է շախմատային աշխարհի ուժեղագույն խաղացողներից մեկը։ 2023 թվականին նա հաղթեց WR Masters մրցաշարը, իսկ նույն տարվա ապրիլին՝ Satty Zhuldyz Rapid & Blitz-ը։ 2024-ին նա նվաճեց American Cup-ը։ 2025 թվականի հուլիսին հաղթեց Freestyle Chess Grand Slam-ը Լաս Վեգասում, իսկ օգոստոսին՝ Saint Louis Rapid & Blitz-ը։

 

Հեղինակ՝  Անի Վարդանյան




Լրահոս