Armenian text to speach

Համաշխարհային փորձ, տեղական ազդեցություն․ ինչպես է Հայաստանը ձևավորում ավելի խելամիտ ապագա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հարցազրույց Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի ԱՊՀ երկրների արտաքին կապերի տնօրեն Ալեքսեյ Կիմի հետ․

Հայաստանը գնալով ավելի մեծ ուշադրություն է գրավում որպես տարածաշրջանային նորարարության և տնտեսության կենտրոն։ Ձեր տեսանկյունից՝ ինչպիսի՞ դեր ունեն միջազգային ընկերությունները, ինչպիսին է ՖՄԻ-ն, Հայաստանի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման մեջ։

Շատ լավ հարց է։ Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում։ Այս փոփոխությունները հատկապես նկատելի են միջազգային ընկերությունների թվի աճով, որոնք գործում են երկրում, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Թեև Հայաստանը առաջինը չէր, որ սկսեց այս ուղին, այն առանձնանում է սեփական գիտական ներուժի նկատմամբ խորը հավատով։

Այս մոտեցման վառ օրինակներից է մեր PMI Science գիտահետազոտական կենտրոնը Երևանում։ Սա նմանատիպ եզակի կենտրոններից է աշխարհում, և դրա առկայությունը ընդգծում է Հայաստանի ռազմավարական նշանակությունը մեր ընկերության համար։ Մենք աշխարհում շատ ավելի շատ արտադրական հարթակներ ունենք, քան գիտական կենտրոններ, և հենց Երևանում ենք կենտրոնացրել մեր ջանքերը՝ անծուխ ապագայի համար գիտական լուծումների մշակման և մեր արտադրանքի գնահատման ուղղությամբ։

Մեր համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ ամրագրված է փոխըմբռնման հուշագրով։ Այս գործընկերությունը չափազանց արդյունավետ է եղել։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք համալսարանների տարբեր ամբիոնների հետ և ուսանողներին հնարավորություն ենք տալիս ձեռք բերել կիրառական գիտելիքներ, մասնակցել իրական գիտական նախագծերի՝ ոչ միայն տեսական հետազոտությունների։

Այս համագործակցության առաջին փուլը այնքան հաջող էր, որ մենք որոշեցինք ընդլայնել մեր ներկայությունը՝ մնալով Պոլիտեխնիկում, բայց միանալով նաև «Ինժեներական քաղաք» նախաձեռնությանը՝ ևս մեկ կարևոր նախագծի, որը իրականացվում է Երևանում։ Առանձին շենք կառուցելու փոխարեն մենք ընտրեցինք ժամանակակից համագործակցության ձևաչափ՝ համատեղ աշխատանք արդեն գործող ինժեներների հետ այս կլաստերում։ Մենք բարձր ենք գնահատում հայ մասնագետների ինժեներական գիտելիքները և տեսնում ենք նրանց ներդրումը մեր արտադրանքի որակի մեջ։

Այսպիսով, Հայաստանը պարզապես ենթակառուցվածք չի տրամադրում, այլ դառնում է գիտական և տեխնոլոգիական առաջընթացի ակտիվ մասնակից՝ ցույց տալով, որ զարգացումը հնարավոր է՝ կրթության, գիտության և միջազգային համագործակցության ռազմավարական ներդրումների շնորհիվ։

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի նախագծերից մեկի մշակող երկիրը՝ փաստաթուղթ, որը կարգավորում է ծխախոտի այլընտրանքները։ Ինչպե՞ս է սա արտացոլում Հայաստանի ավելի լայն կարգավորող փիլիսոփայությունը, հատկապես ապացույցների վրա հիմնված քաղաքականության համատեքստում։

Սա, անկասկած, բարդ հարց է, սակայն հենց այն պատճառով, որ Հայաստանը դարձել է տարբեր արտադրատեսակների, այդ թվում՝ նիկոտին պարունակող արտադրանքի գնահատման կարևոր կենտրոն, այսօր այն առանցքային դեր է խաղում այս ոլորտում ԵԱՏՄ կանոնակարգի մշակման գործում։ Երկրում գործում են գիտական լաբորատորիաներ, որոնք ընդգրկում են ոչ միայն մեր թեման, և հնարավոր է՝ հենց նման գիտական բազայի առկայությունն է պատճառը, որ Հայաստանը ընտրվել է որպես կանոնակարգի մշակող, չնայած նրան, որ ԵԱՏՄ-ին միացել է ոչ առաջինը։

Ներկայումս Հայաստանում գործում են երկու լաբորատորիաներ՝ մեկը պետական, մյուսը՝ մասնավոր։ Երկուսն էլ ունակ են վերլուծել ոչ միայն ավանդական ծխախոտային արտադրանքները, այլ նաև գնահատել նոր ձևաչափի նիկոտին պարունակող արտադրանքի քիմիական բաղադրությունը։ Սա հնարավորություն է տալիս իրականացնել գիտականորեն հիմնավորված փորձաքննություն, այդ թվում՝ վնասի հնարավոր նվազեցման տեսանկյունից։ Մինչ ԵԱՏՄ այլ երկրներում նման ենթակառուցվածք դեռ չկա, Հայաստանը արդեն ունի անհրաժեշտ ռեսուրսներ և ակտիվորեն համագործակցում է արտասահմանյան լաբորատորիաների հետ՝ տրամադրելով մուտք իր տեխնիկական բազային։

 

Այսպիսով, Հայաստանը ցուցաբերում է գիտական տվյալների վրա հիմնված նախաձեռնողական մոտեցում։ Կարգավորումը կառուցվում է այն սկզբունքի վրա, որ պետք է «չափել այն, ինչ հնարավոր է չափել», իսկ եթե ստանդարտներ դեռ չկան՝ որոշել, թե ինչպես կարելի է դրանք ստեղծել։ Սա վկայում է հասուն և համակարգային մոտեցման մասին։

Հատկապես կարևոր է նշել, որ Հայաստանը մշակում է մոտեցումներ առանց ծխի նիկոտին պարունակող արտադրանքի երեք հիմնական տեսակների համար՝ տաքացվող ծխախոտ, էլեկտրոնային սիգարետներ և նիկոտինային բարձիկներ՝ հաշվի առնելով դրանց տարբերությունները։ Չնայած բոլորն առանց ծխի են, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, և Հայաստանը ձգտում է, որ կարգավորումները և վնասի մասին նախազգուշացումները համապատասխանեցվեն կոնկրետ արտադրատեսակին։ Սա խոսում է ինչպես պետության, այնպես էլ կարգավորող մարմինների բարձր պատասխանատվության մասին։

Հայաստանի մոտեցման եզակի տարրերից մեկն է տեղական լաբորատորիաների, օրինակ՝ Հայաստանի ստանդարտների ինստիտուտի մասնակցությունը։ Ինչպե՞ս է այս ինստիտուցիոնալ ներգրավվածությունը նպաստում ռիսկերի գնահատման վրա հիմնված կարգավորման համակարգի ստեղծմանը, որը ընդգրկում է տարբեր արտադրատեսակներ։
Կարծում եմ՝ սա տեղի է ունենում փուլ առ փուլ, և այստեղ Հայաստանը զբաղեցնում է եզակի դիրք, որը չի կարող զբաղեցնել ԵԱՏՄ-ի ցանկացած երկիր։ Նույնիսկ եթե ԵԱՏՄ մակարդակով տեխնիկական կանոնակարգը վաղը ընդունվի, միայն երկու լաբորատորիա կա՝ այն էլ Հայաստանում՝ մեկը Ստանդարտների ինստիտուտը, որը գտնվում Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ, և միայն վերջիններս կարող են դա իրականացնել։ Այսպիսով, Հայաստանը արդեն առաջ է անցնում՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է ներգրավել նույնիսկ այն ընկերություններին, որոնք չեն գործում Հայաստանում, ինչպես կարելի է սպասարկել այլ երկրներում գործող ընկերություններին՝ մշտապես իրականացնելով փորձարկումներ, հետևելով արտադրանքի փոփոխություններին։ Սա մեզ համար չափազանց կարևոր է։ Մենք կարող ենք որոշ բաղադրիչներ չափել մեր սեփական լաբորատորիայում, օրինակ՝ Շվեյցարիայում։ Բայց մեզ համար, ինչպես ցանկացած ընկերության, շատ կարևոր է, որ մեր ունեցած տվյալները համընկնեն պետական լաբորատորիայի տվյալների հետ։

Աշխարհում տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ են կիրառում առանց ծխի այլընտրանքների կարգավորման հարցում։ Ի՞նչ դասեր կարող է քաղել ԵԱՏՄ-ն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Շվեդիան, Նոր Զելանդիան կամ Ճապոնիան, որտեղ նկատվում է ծխելու տարածվածության կտրուկ նվազում։ Իսկ ի՞նչ հնարավոր անցանկալի հետևանքներ կարող են ունենալ ամբողջական արգելքները՝ հատկապես հանրային առողջության տեսանկյունից։

Գիտեք, եթե անկեղծ լինենք, այս գործընթացները մեծ մասամբ զարգանում են բնական ճանապարհով։ Այստեղ պետք չէ փնտրել թաքնված շարժառիթներ կամ դավադրություններ։ Նիկոտին պարունակող արտադրանքի շուկան երկար ժամանակ սահմանափակված էր՝ նման արտադրանքները կամ առհասարակ չկային, կամ ներկայացված էին միայն մի քանի երկրում։ Այդ պատճառով, օրինակ, երբ մենք սկսեցինք մեր տաքացվող ծխախոտային համակարգերը Հայաստանում, արդեն կարող էինք հենվել այլ երկրների, օրինակ՝ Ճապոնիայի փորձի վրա։

Այլ կատեգորիաների դեպքում իրավիճակն ավելի բարդ է։ Ինչպես նշել եմ իմ ներկայացման մեջ, որոշ դեպքերում բացակայում է հստակ պատկերացում՝ ինչն է կարգավորվում։ Օրինակ՝ հայերենում և ռուսերենում «վեյփ» բառը օգտագործվում է որպես ընդհանրական հասկացություն՝ ընդգրկելով թե՛ էլեկտրոնային սիգարետները, թե՛ տաքացվող ծխախոտային սարքերը։ Սա հանգեցնում է խառնաշփոթի և հասկացությունների խեղաթյուրման, ինչը դժվարացնում է արդյունավետ կարգավորող քաղաքականության ձևավորումը։

Երբ հստակ պատկերացում չկա, թե ինչն է կարգավորվում, որոշ պետություններ կարող են դիմել արգելքների՝ կարծելով, թե դա կլուծի խնդիրը։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ արգելքները միշտ չէ, որ բերում են ցանկալի արդյունքի։ Որպես մարդ, ով մեծացել է անցյալ դարում, լավ եմ հիշում ալկոհոլի սպառումը սահմանափակելու փորձերը։ Այդ միջոցները չտվեցին սպասված արդյունքը։

Մեր կարծիքով՝ շատ ավելի արդյունավետ մոտեցում է հստակ, գիտականորեն հիմնավորված կարգավորումը, որը հասկանալի է շուկայի բոլոր մասնակիցների համար։ Հայաստանում, օրինակ, նիկոտինային բարձիկներն ու էլեկտրոնային սիգարետները արգելված չեն, բայց դեռևս ամբողջական կարգավորման ներքո չեն։ Այնուամենայնիվ, արդեն ներդրվել է ակցիզ՝ էլեկտրոնային սիգարետների համար՝ սա համակարգային մոտեցման կարևոր քայլ է։

Մենք համոզված ենք, որ կարգավորումը պետք է հիմնված լինի փաստերի, գիտական տվյալների և արտադրանքի բնութագրերի հստակ ըմբռնման վրա։ Սա թույլ կտա ոչ միայն ապահովել սպառողների պաշտպանությունը, այլ նաև ստեղծել կանխատեսելի և կայուն միջավայր նորարարության և զարգացման համար։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ հիմնական քայլեր պետք է ձեռնարկեն ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հանրային առողջապահության ոլորտում ավելի կայուն, գիտականորեն հիմնավորված և նորարարությանն աջակցող կարգավորման շրջանակներ ստեղծելու համար։

Կարգավորումը, անկասկած, միշտ ունի տեղային առանձնահատկություններ, քանի որ յուրաքանչյուր երկիր ձևավորում է իր մոտեցումները՝ ելնելով ազգային իրողություններից, հնարավորություններից և առաջնահերթություններից։ Այս համատեքստում Հայաստանը ունի շատ ուժեղ ինստիտուցիոնալ բազա, որը ստեղծում է բարենպաստ պայմաններ հավասարակշռված և գիտականորեն հիմնավորված կարգավորող քաղաքականության ձևավորման համար։

Երկրում գործում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր լաբորատորիաներ, որոնք ունակ են իրականացնել արտադրանքի խորքային վերլուծություն։ Գոյություն ունի Ստանդարտների ինստիտուտ, Ֆինանսների նախարարություն՝ հարկային քաղաքականության համար, Էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև տարածաշրջանի համար եզակի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Բացի այդ, կարևոր դեր ունի Առողջապահության նախարարությունը, որը պատասխանատու է հանրային առողջության պաշտպանության համար։

Իմ կարծիքով՝ ամենաարդյունավետ ճանապարհը այն է, երբ այս բոլոր մասնակիցները ներգրավված են որոշումների կայացման գործընթացում՝ յուրաքանչյուրը իր մասնագիտական տեսանկյունից։ Նման գերատեսչական մոտեցումը պետությանը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել շուկայի իրավիճակի մասին և ձևավորել կարգավորող քաղաքականություն՝ հիմնված փաստերի, գիտական տվյալների և իրական կարիքների վրա։

Բացի այդ, լաբորատորիաների և գիտական ենթակառուցվածքի առկայությունը բացում է գիտելիքի և հմտությունների արտահանման հնարավորություններ։ Հայաստանը կարող է ոչ միայն կարգավորել ներքին շուկան, այլ նաև կիսվել իր փորձով այլ երկրների հետ, որտեղ նման նյութատեխնիկական բազա դեռ չկա։ Սա ստեղծում է միջազգային համագործակցության ներուժ և ամրապնդում է Հայաստանի դերը որպես տարածաշրջանում գիտական փորձաքննության կենտրոն։




Լրահոս