2025 թվականի հոկտեմբերի 3–4-ին Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի Հանքարդյունաբերական երկրորդ միջազգային ֆորումը։ Ֆորումի նպատակն էր մեկ հարթակում համախմբել տեղական և միջազգային մասնագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, ներդրողների և փորձագետների՝ քննարկելու հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը և կայուն զարգացման գլոբալ միտումները։
Ֆորումի միջազգային խոսնակները, ոլորտի հեղինակավոր փորձագետները ներկայացնում էին ավելի քան 8 երկիր։
Հոկտեմբերի 3-ին ֆորումի բացմանը մասնակցեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ֆորումի գլխավոր հովանավոր, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը փաստում է, որ ոչ մի այլ ոլորտ չի առաջարկում նույնչափ մեծ հնարավորություններ, որքան հանքարդյունաբերությունը։
«Պատասխանատու կառավարման արդյունքում այն կարող է դառնալ աճի և սոցիալական զարգացման հզոր շարժիչ ուժ՝ Հայաստանը վերածելով ծաղկող տնտեսության։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերություն, որը ոչ միայն տնտեսապես կենսունակ է, այլ նաև ժամանակակից, անվտանգ, պատասխանատու և ներառական։ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի երկու օրերի ընթացքում կծավալվեն հենց այս հարցերի շուրջ քննարկումներ»,- ասել է նա։
Ֆորումի գլխավոր հովանավորներն էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Լիդիան Արմենիա ընկերությունը, hովանավոր` Ամերիաբանկ:
Բանկի կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանն էլ հավելեց՝ «Ամերիա» բանկի միջոցով միայն 5 հազար հոգի հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններից աշխատավարձ է ստանում։
«Այդ հինգ հազար հոգին բանկում հանրագումարային ունեն մոտ 60 միլիոն դոլարի վարկեր՝ տարբեր նշանակության։ Հանքարդյունաբերության ընկերությունները նաեւ կտրվածքով մոտ կես միլիոն դոլար գումար են փոխանցում Հայաստանում մոտ 3100 իրավաբանական անձանց։ Այսինքն, այդքան մարդ ծառայություններ է մատուցում ոլորտին»,- ասում է նա։
Ֆորումի մյուս գլխավոր հովանավոր Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը շեշտեց, որ այսօր աշխարհաքաղաքական փոփոխությունների և գլոբալ տնտեսական միտումների պայմաններում հանքարդյունաբերության հետագա զարգացումը և ոլորտում որակյալ ներդրումների ներգրավումը ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար:
«Այս առումով Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը կարևոր հարթակ է տրամադրում ոլորտի ապագայի շուրջ մասնագիտական երկխոսություն ծավալելու և զարգացման հնարավորությունները նախանշելու համար: Որպես Ֆորումի գլխավոր հովանավոր հպարտ ենք,մեր ներդրումն ունենալ այս երկխոսության կայացման մեջ»,- նշել է Ալոյանը։
Միջոցառման կայացմանը նպաստել են նաև գործընկեր կազմակերպություններ՝ ՔեյՓիԷմՋի Հայաստան, Կոմացույի պաշտոնական ներկայացուցիչ Իկո մաշիների, ԲիԴիՕ Հայաստան, Մենդիառեսորսիս, Նորգեո, Գրանթ Թորնթոն Հայաստան։

























































































