Փարաքարը նոր համայնքապետ ունի․ Օնիկ Ախվերդյանը կփոխարինի Վալոդյա Գրիգորյանին։
ArmLur.am-ն ուսումնասիրել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Ախվերդյանի բավականին ճոխ հայտարարագիրը։
Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի՝ Ախվերդյանն ունի 8 անշարժ գույք՝ 3 բնակարան բազմաբնակարան շենքում, որից 2-ը՝ Երևանում, 1-ը՝ Ռուսաստանի Դաշնությունում, 1 ավտոտնակ՝ ՌԴ-ում, 1 հողամաս՝ Փարաքարում և 2 ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում։
Նախորդ տարի Ախվերդյանը ձեռք է բերել 3 անշարժ գույք՝ 1 հողամաս Փարաքարում, որն արժեցել է 3 մլն 650 հազար դրամ և 2 ավտոկայանատեղի, որոնց արժեքը միասին կազմել է 12 մլն դրամ։

Օնիկ Ախվերդյանը նախորդ տարի վաճառել է Երևանում գտնվող իրեն պատկանող անհատական բնակելի տունը 77 մլն 200 հազար դրամով, որը գրեթե 202 հազար դոլարի է հավասար։
Տարեվերջին Ախվերդյանն ունեցել է 10 գույք։
Փարաքարի նոր համայնքապետն ունի 4 շարժական գույք՝ մեքենա, TOYOTA, MITSUBISHI, MERCEDES-BENZ և OPEL մակնիշի։
Նրա բանկային ավանդները կազմել են 137 հազար 350 ԱՄՆ դոլար, կանխի դրամական միջոցները կազմել են 4,5մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 129 հազար դրամ։
Որպես նվիրատվություն հայտարարագրվել է 10 հազար ԱՄՆ դոլար արժեքով թանկարժեք զարդ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 103 մլն 170 հազար դրամ, որից 77 մլն 200 հազար դրամը անհատական բնակելի տան վաճառքից ստացված եկամուտն է, 25 մլն դրամը, որպես այլ եկամուտ Ախվերդյանը ստացել է ընկերներ/հարազատներից, իսկ 970 հազար դրամը ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ է Օնիկ Ախվերդյան ԱՁ-ից։
Վարկի մարմանն ուղղել է 19 մլն 618 հազար դրամ։
«Ապրելու Երկիր» կուսակցության անդամ է։
Էմմա Միքայելյան



















































































