Ապրիլի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնը: Տոնի առիթով աշխարհասփյուռ բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ, հայ հավատացելոց փոխանցվեց «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Ս. Հարության տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական այրեր, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավոր հայորդիներ: Մինչ Հայրապետական պատարագի սկսվելը, Ս. Հռիփսիմե վանքից Մայր Աթոռի և ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող հայորդյաց տների և Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի սաները թմբուկների ձայների ներքո քայլերթով եկան Մայր Աթոռ` դիմավորելու Վեհարանից Մայր Տաճար իջնող Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախագահի գլխավերևում ամպհովանին կրում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը և սիրիահայ Սուրեն Վարդանյանը: Ս. Պատարագին Նորին Սրբությանը` որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սուրբ Պատարագի ընթացքում Նորին Սրբությունը, վերստին «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը և իր բարեմաղթանքները փոխանցելով համայն հայ ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս աշխարհի, իր հայրապետական պատգամը հղեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս և ի Սփյուռս, Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշազարդ Սուրբ Հարության տոնը հուսառատությամբ է լուսավորել մեր հոգիները: Մահվանից հարություն է առել մեր Փրկիչը, մահաբեր գործիքից խաչը վերափոխվել է կենաց ծառի, մարդն ու տիեզերքը նորոգվել են կյանքի և հավերժության շնորհով: Այսօր Քրիստոսով հարուցյալ նոր արարչություն է, նոր կյանքի ճանապարհ` պայծառացած կենարար լույսով, որ պարգևում է Փրկիչը. «Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Հարուցյալ մեր Տիրոջ այս խոսքերը հավիտենական ու նաև երկրային լուսավոր կյանք ունենալու աստվածային հրավեր են` ուղղված յուրաքանչյուր մարդու, քանզի Սուրբ Հարության շնորհները բաշխվում են բոլորին, նաև` նրանց, ովքեր դեռևս կանգնած չեն հավատքի ճանապարհին, ովքեր կյանքի փորձություններից սրտաբեկ` ընդվզում են Աստծո դեմ: Սուրբ Հարության շնորհները սփռվում են նաև այնտեղ, որտեղ պատերազմների և մոլեգնող ահաբեկչությունների մեջ դառնացած են մարդիկ, կարծրացած են սրտերը, որտեղ մարդիկ կրում են տառապանքների դաժան բեռը, որտեղ զոհվում են հրեշտականման մանուկներ` աղքատության, անտարբերության, ռազմական գործողությունների հետևանքով: Մարդկության կյանքն ալեկոծող բոլոր հակամարտությունների, հումանիտար, բնապահպանական աղետների, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, բոլոր հոգսերի ու մարտահրավերների վրա այսօր փայլում է Քրիստոսի Հարության խավարացիր լույսը: Հարության հավատքը, որ վերափոխել է պատմության ընթացքը, կրթել է հոգի ու միտք, կերտել մշակույթ, զարգացման առաջնորդել պետություններ, առաջադրել արդարության և իրավունքի համամարդկային չափանիշներ, մարդասիրական արժեքներ ու սկզբունքներ, այսօր էլ հրաշագործ զորությունն է, որին պիտի ապավինենք, որով պիտի նորոգվեն աշխարհն ու մարդկային հոգիները` նոր իրագործումներով, խաղաղությամբ, սիրով, բարիքով պայծառակերպելու մարդկության կյանքը: Այսօր չկան հասարակություններ, պետություններ առանց խնդիրների, կարիքների ու նեղությունների: Հասարակություններն ու պետությունները, սակայն, չեն կարող ունենալ առաջընթաց, անգամ դատապարտված են ոչնչացման, եթե չլինեն հոգևոր-բարոյական արժեքների վրա կյանքի հաստատման, առաջընթացի ու կատարելության առաջնորդող տեսիլքն ու նպատակները և դրանց նվիրյալ առաքյալները: Արդարև, մարդկության մեծ նվաճումները խիզախումներն են ազնիվ տեսլական ունեցող անհատների, ինչպես քրիստոնեության լույսի տարածողները եղան Քրիստոսի աշակերտները, ովքեր առ Աստված հզոր հավատքով, անձնազոհ հանձնառությամբ սկզբնավորեցին հարուցյալ կյանքի ուղիներն աշխարհում` ի սեր մարդու փրկության, երջանկության ու բարօրության: Ամեն ոք, ով հավատում է Աստծուն, ով սեր ունի արարչության ու մարդկանց հանդեպ, առաքյալ է և պիտի իրագործի իր առաքելությունը աներկբա գիտակցությամբ, որ Աստծո օրհնությունն է շնորհաց աղբյուրը, որն հեռացնում է կյանքի մռայլը, Աստծո զորակցությունը բազմապատկում է աշխատանքի արդյունքները, Աստծո մխիթարությունը փարատում է հուսահատությունն ու տխրությունը, Աստծո երկնային արդարությունն ամրապնդում է հիմքերը երկրային արդարության: Այս գիտակցության, այս ոգու հառնումով պիտի ամոքվեն ներկա աշխարհի վերքերը, սիրո և համերաշխության ուղիներում հաստատվեն երկրների ու հասարակությունների ընթացքը, կյանքը վերափոխվի հարության լույսով, որ պատգամն է մեր Տիրոջ և խորհուրդը` Քրիստոսի Հարության: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Փրկչի Հարության ավետիսն այսօր հրավեր է աշխարհասփյուռ մեր ժողովրդին հայրենական և ազգային մեր կյանքի դժվարությունների առջև չընկրկելու, այլ աներեր կամքով ջանքեր գործադրելու հայրենի մեր երկրի, մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի համար: Ժամանակի հողմերի մեջ որտե±ղ պիտի մնար մեր ժողովուրդը, եթե չզորանար Քրիստոսի Հարության շնորհներով, եթե չունենար Հայրենիքի, ազգի հանդեպ սերը և չկարողանար այն հենարան դարձնել նեղության ժամին և ուժ` ապրելու, ստեղծելու և վեր հառնելու: Մեր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող ենք վճռել կյանքը վերափոխելու անվարան ձգտումով, քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ, ազնիվ, բարի ընթացքով, մեր հանձնառություններով, հայրենանվեր, ազգաշահ գործերով: Սուրբ Հարության տոնը մեզ բերում է քաջալերությունը հուսավառ ոգով կյանքի կոչելու այն ծրագրերը, որ յուրաքանչյուրը, Տիրոջը հետևելու կոչին արձագանքելով, կարող է իրագործել ընտանեկան, հասարակական, պետական և ազգային մեր կյանքի համար` անձնական շահը չտարբերելով երկրի ու ժողովրդի շահից: Մեր կոչման և պատասխանատվության մեջ հոգով ու նվիրումով ծառայենք, ձգտենք հաջողությունների ոչ միայն մեզ համար, այլև` միմյանց, հայրենական և ազգային մեր կյանքի առաջընթացի համար և, ինչպես պատվիրում է մեր Տերը, համարենք, որ արեցինք ընդամենը այն, ինչ պարտավոր էինք (Ղուկ. ԺԷ 10): Հայրական Մեր խոսքն ենք ուղղում հատկապես երիտասարդ Մեր զավակներին ի Հայրենիս և ի Սփյուռս` հորդորելով լինել տերունապատվեր առաքելության կրողներ` երիտասարդության հրաշալի ներուժը հույսով ու հավատքով միախառնելով ազգային կյանքին: Մեր կյանքի դժվարությունների ու հրամայականների, մեր ժամանակների եսակենտրոն ու հոգեկործան անցողիկ ընթացքների և երևույթների, փորձության բոլոր հողմերի դիմաց ամուր պահեք երիտասարդական կենսահաստատ ոգին` անսասան կանգնած հավատքի վեմին, հիշելով խոսքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի. «Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Սիրելի երիտասարդ զավակներ Մեր, Դուք, որ անդրանիկ սերունդն եք մեր Հայրենիքի ազատ կյանքի, ձեր սրտերում իբրև ամենամեծ գանձ, կրեք ու պահպանեք Քրիստոսով ազատ, Քրիստոսով պայծառ հոգու լույսը: Ժողովուրդը, որ ունի Աստծո օրենքով կրթված որդիներ, ունի նաև իրական հույսեր, բարի հեռանկար: Դուք պիտի իրագործեք այդ հույսերը պետական, ազգային և եկեղեցական մեր կյանքի անդաստաններում, մեր Հայրենիքի սահմաններում, Սփյուռքում մեր մայրենիի և մշակույթի պահպանության դիրքերում, մեր երկիրը հզորացնելու, Արցախի ազատ ապրելու իրավունքը, մեր արդար դատը պաշտպանելու մարտադաշտերում և ձեր հոգու նվիրումով, հայրենական և ազգային կյանքում ձեր հանձնառություններով պիտի հյուսեք հաղթանակները մեր նորօրյա կյանքի: Ներկայիս ազգային մեր կյանքի մտահոգություններից է շարունակում մնալ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում ապրող մեր ժողովրդի զավակների դժվարին կացությունը: Վերջին շրջանում նոր տագնապ են հարուցել Քեսաբում Թուրքիայի աջակցությամբ ծայրահեղական զինյալների ծավալած ռազմական գործողությունները: Հայաբնակ շրջանի ավերումը և հայ բնակչության տարհանումը շարունակությունն է հայ ժողովրդի հանդեպ որդեգրած թուրքական նույն ոճրագործ քաղաքականության, որին պիտի կարողանանք դիմակայել պետական, եկեղեցական, ազգային մեր կառույցներով, միասնական ջանքերով պաշտպանելով մեր ժողովրդի իրավունքները:
Այսօր, սիրելիներ, երբ Քրիստոսի Հարության տոնի լույսն ու խանդավառությունը վերստին բաբախում են մեր սրտերում, առաքելական խոսքի համաձայն` հագած լույսի զրահը (Հռ. ԺԳ 12), իբրև Տիրոջ Հարությամբ ցնծացող, տրտմությունը, երկյուղն ու հուսահատությունը մերժող առաքյալներ, ելնենք վերափոխելու մեր և մեր հայրենյաց ու ժողովրդի կյանքը նոր իրագործումներով, գալիքի մեր պայծառ տեսիլքը լուսաշող իրականություն դարձնելու հաստատուն քայլերով: Այս հավատով և մաղթանքով, Սուրբ Հարության ավետիսով ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին և մեր Եկեղեցու ողջ հոգևոր դասին, Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և Տիրախնամ նրանց հոտին: Տիրոջ պահպանությունն ենք հայցում իրենց և հանապազ զորակցությունը` տերունապատվեր առաքելության մեջ: Քրիստոսի Հարության շնորհների հայցով Մեր ողջույնն ենք բերում պատարագի սրբազան արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին և Առաջին տիկնոջը: Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ողջ ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին։ Սուրբ Հարության բերկրալի ավետիսով Հայրական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր զավակներին: Զատկական այս սուրբ և նվիրական օրը ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Հարության շնորհները զորացնեն ձեզ, սիրելի ժողովուրդ հայոց, ապրելու հույսով ու հավատքով և սիրով ու համերաշխությամբ կերտելու մեր կյանքի նոր բարի օրը:
Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի աշխարհը համայն, բարօր առաջընթաց շնորհի մեր Հայրենիքին, պայծառություն` մեր Սուրբ Եկեղեցուն և հավատավոր ազգիս հայոց` այսօր և միշտ բարեբանելու Սուրբ Հարությունը մեր Փրկչի.
Քրիստոս յարեաւ ի մեռելոց Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: