Դեկտեմբերի 10-ին տեղի կունենա այս տարվա վերջին խավարումը` Լուսնի լրիվ խավարում, որը կդիտվի Երկրագնդի զգալի մասից, այդ թվում` Հայաստանից: Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը` իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը: Այս անգամ Լուսնի լրիվ խավարումը կարող են դիտել Հյուսիսային Ամերիկայում, կենտրոնական և արևելյան Ասիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, իսկ մասնակի` նաև Եվրոպայում, Աֆրիկայի զգալի մասում և արևելյան Ասիայում: Խավարման կիսաստվերը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 11:33:36-ին /Երևանի ժամանակով` 15:33:36-ին/, կտևի 5 ժամ 56 րոպե 21 վայրկյան և կավարտվի 17:29:57-ին /Երևանի ժամանակով` 21:29:57-ին/: Մասնակի խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով 12:45:43-ին, կտևի 3 ժամ 32 րոպե 15 վայրկյան և կավարտվի 16:17:58-ին, իսկ լրիվ խավարումը կսկսվի 14:06:16-ին, կտևի 51 րոպե 8 վայրկյան և կավարտվի 14:57:24-ին: Խավարման լավագույն դիտման տարածաշրջաններն են կենտրոնական և արևելյան Ասիան, իսկ Հայաստանում կդիտվի միայն մասնակի խավարում: Լրիվ խավարման ժամանակ Լուսինը կգտնվի Ցուլի (Taurus) համաստեղությունում՝ Ալդեբարան աստղից մի փոքր ձախ և վեր: Ավելացնենք, որ խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, և գրավիչ տեսարան է դիտվում, հաղորդում է Հայկական աստղագիտական ընկերությունը:
Այսօր կարող ենք հետևել լուսնի խավարմանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ