Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Հունաստանի կառավարության փոխնախագահ (փոխվարչապետ) Կոստիս Խաձիդակիսին։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունները ավելի խորացնելու առաջիկա գործողությունները։ Մեծ կարևորություն տրվեց տնտեսական դիվանագիտությանն ուղղված ջանքերին։ Հույն պաշտոնյան կարևորեց ոլորտային համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկայի, շինարարությունը և զբոսաշրջությունը։ Միաժամանակ նա նշեց, որ Հունաստանը մշտապես պատրաստակամ է ցուցաբերել Հայաստանին ցանկացած տեսակի աջակցություն Եվրոպական Միության շրջանակներում։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց մի շարք երկկողմ ուղղություններում, մասնավորապես պաշտպանության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում առկա համագործակցության զգալի դինամիկան։
Միաժամանակ Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց այս տարի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք բխում են փոխադարձ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներից։
Կոստիս Խաձիդակիսը նշեց, որ Հունաստանի դիրքորոշումը հայտնի է․ Հունաստանը ողջունել է վաշինգտոնյան համաձայնությունները և հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերջնական ստորագրել համաձայնագրերը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում նախատեսված երկկողմ բարձրաստիճան այցելություններին։





























