«Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ավելի քան 3 ամիս կալանքի տակ գտնվող գործարար-բարերար Սամվել Կարապետյանի խցում նոր փոփոխություններ են եղել։
Մեր տեղեկություններով՝ վերջերս Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Նոր ֆոլկ» ընկերության գործով կալանավորված «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը սկզբում հենց Սամվել Կարապետյանի հետ նույն խցում էր։ Նման որոշման պատճառը եղել է իրավապահների հետաքրքրությունը՝ դիտարկել, թե արդյոք Կարապետյանի եւ Հարությունյանի միջեւ ծավալվող զրույցներից հնարավոր կլինի որեւէ եզրահանգման գալ կամ նոր մանրամասների տիրապետել։
Նշենք, որ Վարդան Հարությունյանը երկար տարիներ Մոսկվայի «Գազպրոմ»-ում զբաղեցնում է բարձր պաշտոն, մտերիմ կապեր ունի նաեւ բարերար Սամվել Կարապետյանի հետ։ Սակայն իրավապահների հաշվարկները չարդարացան. երկու բարեկամներն էլ այնքան պատրաստված են եղել, որ խցում որեւէ թեմա չեն քննարկել, որն առնչություն կունենար քննությանը կամ կհետաքրքրեր իրավապահներին։ Նրանց զրույցները, ինչպես նկարագրում են մեր աղբյուրները, սահմանափակվել են բացառապես կենցաղային մանրուքներով, ինչը իրավապահների համար արժեք չի ներկայացրել։
«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ այս իրավիճակում որոշում է կայացվել Վարդան Հարությունյանին տեղափոխել առանձին խուց՝ անիմաստ համարելով նրանց համատեղ անցկացրած օրերը։
Այսպիսով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանը կրկին մենակ է մնացել ԱԱԾ մեկուսարանի իր խցում։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները շեշտում են՝ այս փոփոխությունն անակնկալ չէր, քանի որ Սամվել Կարապետյանը շարունակում է պահպանել նույն կեցվածքը. խուսափում է որեւէ խոսակցությունից, որը կարող է որեւէ կերպ մեկնաբանվել քննիչների կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Երեւանում կանցկացվի ժողովրդավարության ֆորումը, որն արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է։ Ֆորումը տեղի է ունենալու Մատենադարանի նոր մասնաշենքում։ Բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի եվրասիական տարածաշրջանի ավագ տնօրեն Մարիամ Լանսկոյը։
Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, պանելային քննարկումներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցելու է եւ խոսելու է Հայաստանում ժողովրդավարության որակի, առկա մարտահրավերների եւ ցուցիչների մասին։ Քննարկումներին, եվրոպացի ներկայացուցիչներից բացի, մասնակցելու են նաեւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժ/պ Մարիամ Գալստյանը։
Սակայն ուշագրավ է, որ ժողովրդավարության մասին խոսակցությունները տեղի են ունենալու մի միջավայրում, որտեղ իրականության հետ համեմատությունը բավականին հակասական պատկեր է ստանում։
- Մասնավորապես, հիշեցնենք, որ արդեն երեք ամիսից ավելի է կալանքի տակ է «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը՝ ընդամենը երկու րոպեանոց ուղերձի համար։
- Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը եւս շարունակում է մնալ կալանքի տակ՝ հարցազրույց տալու պատճառով։
- Բագրատ սրբազանի գլխավորությամբ ձերբակալվել են երկու տասնյակ անձինք՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով, բայց մինչ օրս հստակեցված չէ՝ ով, երբ եւ ինչպես էր պատրաստվում իրականացնել այդ ենթադրյալ գործողությունը։
- Միայն 2025թ. ընթացքում լրատվամիջոցների դեմ արդեն ներկայացվել է 37 հայցադիմում եւ պահանջվում է ընդհանուր առմամբ 66 մլն 700 հազ. դրամ փոխհատուցում։
- Ընդդիմադիր պատգամավորները ԱԺ դահլիճում ենթարկվում են բռնության գլխավոր դատախազի աչքի առաջ:
- Ընդդիմադիր պատգամավոր կնոջ հանդեպ իշխող ուժի քարտուղարը թույլ է տալիս այլասերված արտահայտություններ:
- ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա եւ մնում անպատիժ։
- Ընդդիմախոսին ծեծի են ենթարկում դիմակավորված անձինք:
- Քաղաքացուն, ըստ ահազանգի, Կադաստրի կոմիտեի ղեկավարի ցուցումով առեւանգում եւ ծեծում են՝ նրա «թասիբը պահելու» համար։
Այս իրողությունների պայմաններում Հայաստանում այսօր հերթական անգամ անցկացվելու է ժողովրդավարական ֆորումը. իրապես, սա նոր որակ է ժողովրդավարության մեջ։
Թերեւս այս հարցերը կքննարկվեն այդ ֆորումի ընթացքում:
Սեպտեմբերի 20-ին կայացած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին միայն երեկ առավոտյան, եւ այն էլ՝ առանց որեւէ բացատրության։ Սա այն դեպքում, երբ անգամ ամենաբարդ ընտրատեղամասերում մի քանի հազար քվեաթերթիկի ձեռքով հաշվարկը ընդամենը ժամեր է տեւում, բայց ոչ՝ օրեր։
Ինչպես ընթացավ ընտրությունը
Քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 20-ի կեսօրից՝ առցանց եւ ուղիղ եթերում։ 42 թեկնածուից պետք է ընտրվեին 20-ը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է 917 պատվիրակ։ Սակայն էլեկտրոնային հաշվարկի ընթացքում պարզվել էր, որ քվեաթերթիկների թիվը գերազանցում է քվեարկողների թվին: Երբ այս լուրերը մեզ հասան, ArmLur.am-ը անհամապատասխանության մասին հրապարակավ հարցեր ուղղեց ՔՊ ղեկավարությանը.
« • Փաստացի քանի՞ պատվիրակ է մասնակցել, եւ քանի՞ քվեաթերթիկ է հայտնաբերվել։
- Ի՞նչ է լինելու ընտրությունների արդյունքը, եթե քվեաթերթիկների թիվը գերազանցել է պատվիրակների թվին։ Կչեղարկվե՞ն արդյոք արդյունքները կամ կհայտարարվի՞ վերահաշվարկ։
- Նիկոլ Փաշինյանի զայրացած վերադարձե՞լ է եւ հրավիրել արտակարգ խորհրդակցություն՝ պահանջելով վերացնել թվային անհամապատասխանությունները եւ ներկայացնել վերջնական հաշվարկը։ Այժմ թիմակիցները փորձում են ավելացած քվեաթերթիկները մատուցել իբրեւ տեխնիկական խնդիր։
- Ինչո՞ւ են ուշանում արդյունքները»։
Այս հարցադրումներից հետո ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սկսվել է քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ՝ «անճշտություններից խուսափելու համար»։ Այսինքն՝ ուղիղ եթերում ընթացող հաշվարկն ու ներկայացված թվերը վստահելի չեն եղել անգամ թիմի համար. եթե ամեն ինչ թափանցիկ ու հստակ էր ընթացել, նման քայլի կարիք պարզապես չէր առաջանա։
Ձեռքով հաշվարկը շարունակվեց ավելի քան 24 ժամ, բայց պատասխանները դարձյալ չկային։ ArmLur.am-ի հարցերին արդեն երեք օր է արձագանք չկա. մեզ միայն հայտնի է քվեարկության մասնակիցների թիվը, իսկ մնացյալ հարցերը դեռեւս անպատասխան են։
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում
ՔՊ-ն փորձում է համոզել, թե ամեն ինչ ուղիղ եթերում է եղել, եւ կասկածի տեղ չկա։ Բայց փաստն այն է, որ վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին խայտառակ ուշացումով եւ առանց բացատրությունների։
Եվ սա այն կուսակցությունն է, որն օրուգիշեր խոսում է թափանցիկությունից ու ժողովրդավարությունից, իսկ իրականում անգամ կուսակցության ներսում չի կարողանում հաշվել քվեաթերթիկները եւ ապահովել քվեարկություն՝ առանց ներթիմային դժգոհությունների եւ կասկածների։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ՔՊ-ի նոր վարչության ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո պատրաստվելու են Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրություններին: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր է կապում Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ, որը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ ամեն բան պետք է արվի՝ Մեխակյանին Էջմիածնում քաղաքապետ կարգելու, Գյումրու սցենարը չկրկնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ձայներ հավաքելու հարցում Արգիշտի Մեխակյանի հիմնական հույսը Խոյ համայնքն է, որը իշխանությունները միավորեցին Վաղարշապատ համայնքին:
Բանն այն է, որ Մեխակյանը եղել է Խոյ համայնքի ղեկավարը, իսկ այդ բնակավայրում նրա հայրը մեծ հարգանք է վայելել: Մեխակյանի հաշվարկով՝ Խոյում ինքը բացարձակ հաղթանակ է ունենալու, մեծ թվով ձայներ է հավաքելու, որի շնորհիվ էլ կարողանալու է Էջմիածնի քաղաքապետ ընտրվել:
Հիշեցնենք, որ Արգիշտի Մեխակյանի հայրը՝ Մեխակ Մեխակյանը, եղել է պատմաբան, Արցախյան գոյամարտի մասնակից: Նրա կյանքն ընդհատվել է 1994 թվականի մայիսի 4-ին Թալիշի բարձունքներից մեկում, որն այժմ կոչվում է Մեխակասար:
Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Էջմիածնում որդի Մեխակյանն այդքան էլ սիրված չէ, ու քաղաքապետի ժ/պ նշանակված լինելու այս ժամանակահատվածը օգտագործում է տարբեր հանդիպումների, քննարկումների համար, որպեսզի ձայներ հավաքի:
Ըստ էության, Մեխակյանը քողարկված քարոզարշավ է իրականացնում Էջմիածնում: Օրինակ՝ Սեպտեմբերի 20-ին նա այցելել էր անգամ Զվարթնոց թաղամասի բակ, որը տարիներ շարունակ «անտեսված» թաղամաս է եղել: Այդպես նա տարբեր շենքերի բակերում հանդիպումներ է ունենում, թեեւ դեռ քարոզարշավը չի սկսվել:
Մեխակյանի առջեւ խնդիր է դրված. նոյեմբերի 16-ին ամեն գնով ընտրվել Վաղարշապատի համայնքապետ:



















































































