Armenian text to speach

Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են                       

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ մանրամասներ է պարզել՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության աղմկահարույց քրեական գործի շրջանակում կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, այս գործով կալանավորվել են Նարեկ Օհանյանը եւ Գեւորգ Հարությունյանը։ Սակայն «Ժողովուրդ»-ը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ նրանց պահման հարցը դարձել է լուրջ մարտահրավեր։ Ըստ նույն աղբյուրների՝ կալանավորումից հետո փորձ է արվել տեղափոխել նրանց Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղից փաստացի մերժում է ստացվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հիմնավոր վախեր կան, որ սիրված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կարող է դառնալ վրեժխնդրության պատճառ անգամ բանտի պատերից ներս։ Իրավապահ համակարգը մտավախություն ունի, որ Գրիգորյանի կողմնակիցներից որեւէ մեկը գուցե ՔԿՀ-ում կապեր ունի եւ կարող է փորձել հաշվեհարդար տեսնել։ Այս գործով, ի վերջո, խոսքը նաեւ վերաբերում է ոստիկանության օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությանը, ինչը միայն էլ ավելի է սրում իրավիճակը։

Այս ֆոնին իրավապահները որոշել են Նարեկ Օհանյանին եւ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանք այժմ գտնվում են խիստ վերահսկվող կարանտինային պայմաններում։ Մասնավորապես, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նրանք գտնվում են կարանտինային հատուկ բաժանմունքում, որպեսզի ամբողջությամբ մեկուսացված լինեն մյուս կալանավորներից։

Հարկ է նշել, որ Վալոդյա Գրիգորյանը համարվում էր ազդեցիկ համայնքային գործիչ՝ բազմաթիվ հետեւորդներով։ Նրա սպանությունը շոկ էր համայնքի համար, իսկ գործին առնչվող անձանց հանդեպ հասարակական վերաբերմունքը՝ ծայրաստիճան բացասական։ Հենց այս հասարակական ֆոնն էլ ստիպել է իրավապահներին գործել ոչ ստանդարտ սցենարով՝ նախապատվություն տալով անվտանգության առավելագույն ապահովմանը, նույնիսկ եթե դա նշանակում է կալանավորներին ամբողջությամբ կտրել արտաքին աշխարհի եւ բանտային միջավայրի շփումներից։

«Ժողովուրդ» օրաթերթը հետեւում է այս գործով բոլոր զարգացումներին եւ առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ, այդ թվում՝ նախաքննության առաջընթացից եւ հնարավոր մեղադրանքների շրջանակից։

 

 

 

 

 

Անդրանիկ Քոչարյանին ու նրա զեկույցը ՔՊ-ն ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս սկսել է հրապարակային, բայց դեռեւս տողատակերով քննադատել ՔՊ-ին տարբեր հարթակներում։ Իր հարցազրույցներում անգամ նա անթաքույց ակնարկում է, թե գուցե ՔՊ-ին պետք չէր պատերազմական հանգամանքների ուսումնասիրությունը, ինչը միանշանակ արձագանքներ է առաջացնում թե՛ քաղաքական դաշտում, թե՛ ՔՊ-ի ներսում։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ նախագահի որոշմամբ ուղարկվել է արխիվ: Ըստ ԱԺ կանոնակարգի՝ միայն հատուկ գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորներն են իրավունք ունենում ծանոթանալու այդ փաստաթղթին, քանի որ այն պարունակում է գաղտնի նյութեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս պահը որեւէ պատգամավոր չի դիմել ԱԺ գաղտնի բաժին` ծանոթանալու Անդրանիկ Քոչարյանի զեկույցին:

Հիշեցնենք, որ Քոչարյանը դեռ 2021 թվականից ձեւավորել էր աշխատանքային խումբ՝ պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ուղղությամբ, սակայն արդյունքում բոլորից գաղտնի սկսեց աշխատել փորձագետների նեղ շրջանակի հետ՝ զեկույցը կազմելով առանց հանձնաժողովի մնացած անդամների ներգրավման։ Նա հրաժարվեց զեկույցը տրամադրել հանձնաժողովի անդամներին՝ ծանոթանալու համար։ Ավելի ուշ, երբ հանձնաժողովի ժամկետը, որն արդեն երկու անգամ երկարաձգվել էր, լրացավ 2023 թվականի մայիսի 3-ին, ԱԺ նախագահը հրաժարվեց այն քննարկման դնել ԱԺ լիագումար նիստում՝ նշելով կանոնակարգի խախտումը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի ներսում զեկույցի ներկայացմանը դեմ է եղել նաեւ կուսակցության ծանր հրետանին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Արդյունքում՝ Անդրանիկ Քոչարյանի տարիների աշխատանքը եւ ժամկետանց զեկույցը ուղարկվեցին ԱԺ արխիվ՝ առանց քաղաքական գնահատականի, առանց քննարկման, առանց հետեւանքների։

Այժմ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանը բանակցում է ՀԿ սեկտորի հետ՝ փորձելով կազմակերպել զեկույցի շուրջ քննարկումներ։ Միջազգային դրամաշնորհներով աշխատող որոշ հասարակական կազմակերպություններ կարծես թե պատրաստ են քննարկման առարկա դարձնել այդ զեկույցը։

Հիշեցնենք՝ այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքները միանշանակ չէին ընդունվում քաղաքական դաշտում։ Ընդդիմադիրները բոյկոտել էին հանձնաժողովի աշխատանքները, իսկ արտախորհրդարանական որոշ ուժեր՝ մասնակցելով մեկ-երկու նիստի, հետագայում հրաժարվեցին շարունակել ներգրավվածությունը։ Արդյունքում, հանձնաժողովի աշխատանքը դարձավ բացառապես ՔՊ-ի ներքին քննարկման դաշտ, որտեղ ավելի շատ փորձ արվեց մաքրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատերազմի մեղքերից, քան իրականում ուսումնասիրել պատերազմի հանգամանքները:

Սակայն ՔՊ-ի ներսում, ինչպես պարզվում է, նույնիսկ այդ անձնազոհ մոտեցումը գնահատված չէ։ ՔՊ-ի երիտասարդ թեւը ի վերջո Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ:

 

 

 

 

 

 

 

Հայաստանում թանկացումները չեն դադարում. դրամի արժեզրկումն ազդեցություն է ունենում ապրանքների գների վրա

 

Հայաստանում վերջին շրջանում նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ հատկապես հացի, մսի եւ կաթնամթերքի զգալի թանկացում։ Գների աճը որոշ ապրանքների պարագայում հասել է մինչեւ 50 տոկոսի։ Մասնագետները նման թանկացումները պայմանավորում են ոչ միայն ներքին շուկայում տիրող իրավիճակով, այլեւ դրամի փոխարժեքի անկմամբ, որը մեծ ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը, արձագանքելով քաղաքացիների ահազանգերին, ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները, ըստ որոնց՝ 2025 թվականի սեպտեմբերին նկատվել է ինչպես սպառողական գների աճ, այնպես էլ դրամի որոշակի արժեզրկում։ Մասնավորապես՝

. 2025-ի սեպտեմբերին նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ, սպառողական գները աճել են 0.3%-ով,

. իսկ դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.1%-ով (այսինքն՝ դրամը մի փոքր արժեւորվել է)։

 

Միեւնույն ժամանակ, եթե համեմատենք 2025 թվականի սեպտեմբերը 2024-ի դեկտեմբերի հետ, ապա՝

 

. սպառողական գներն աճել են 1.1%-ով,

. իսկ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 3.5%-ով։

Այսինքն՝ ընդհանուր առմամբ վերջին 9 ամիսներին Հայաստանը շարունակում է տենդենցով գնալ թանկացումների ճանապարհով, որն ուղեկցվում է դրամի արժեզրկմամբ, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում տնտեսության եւ սպառողների վրա։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2024 թ. սեպտեմբեր)՝

. սպառողական գները նվազել էին 1.1%-ով,

. իսկ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել էր 4.2%-ով։

Ի դեպ, 2025 թվականի սեպտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.8 դրամ, ինչը 1.2%-ով ցածր է 2024 թվականի սեպտեմբերի ցուցանիշից, երբ այն 387.4 դրամ էր։

Այս տատանումները եւս մեկ անգամ վկայում են՝ դրամի դիրքի փոփոխությունը շարունակում է ազդել Հայաստանի շուկայում ապրանքների գնի ձեւավորման վրա։ Թե առաջիկայում որքան կխորանա գնաճը, կախված է ինչպես արտաքին տնտեսական միջավայրից, այնպես էլ Կառավարության քաղաքական քայլերից։

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս