«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սրբազան շարժմանն աջակցելու նպատակով Քենիայից ժամանած եղբայրներ Արթուր եւ Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) 2024 թ. հունիսի 10-ին, Երեւանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ, 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել էին։ Նրանց ձերբակալության ժամանակ ԱԱԾ ներկայացուցիչներն առանձնակի դաժանությամբ եղբայրներին ասֆալտին փռելու օպերացիա էին իրականացրել։ Նրանց կասկածում էին ապօրինի զենք պահելու մեջ, սակայն վերջիններիս մոտ չի հայտնաբերվել ո՛չ զենք, ո՛չ էլ որեւէ այլ ապօրինի առարկա։
Եղբայրներից Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել, իսկ Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ նա արդեն 1.5 տարի է՝ գտնվում է տնային կալանքում։ Արտակ Սարգսյանը մանրամասներ է հայտնել` կապված իր կալանավորման եւ դրան նախորդած ու հաջորդած դեպքերի, ինչպես նաեւ ապագայի պլանների հետ: Նա պատրաստվում է առաջիկա համապետական ընտրություններին հայտ ներկայացնել՝ իրենց հիմնադրած «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» նոր կուսակցությամբ, որը ներկայացվել է պետական գրանցման։
– Ինչո՞ւմ են Ձեզ մեղադրում:
– Ամենասկզբում ստանդարտ մեղադրանք առաջադրեցին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին, ապօրինի ձերբակալվեցի, թեպետ ոչ մի բան չգտան։ Հետո անմիջապես փոխեցին մեղադրանքը՝ առաջադրելով «ապօրինի մուտք գործել երկիր», ինչպես նաեւ՝ փողերի լվացում։ Մեղադրանքը «հիմնավորում» են այսպես, որ անձնագիր եմ ստացել, բայց «ՍԵԿՏ» համակարգում գոյություն չունեմ, բայց երբ ասում եմ՝ առաջին անձնագիրը բերեք, բոլոր անձնագրերը ստացել եմ դեսպանատներից, չեն բերում։ Ես ընտանիքիս ուղարկեցի` որտեղ ինչ անձնագրեր ունեի, բերեցին, փոխանցեցինք դատավորներին, անձնագրերի մեջ դեսպանի ստորագրությունն է, կնիք է: Այդ մեղադրանքը, թվում էր, հանվեց, իմ խափանման միջոցն էլ փոխվեց վարչական վերահսկողության, բայց հետո պարզվեց, որ չի հանվել` փողերի լվացում են ավելացրել: Քանի որ 2004-ին ես հանդիսանում էի Քենիայի փոխոստիկանապետը, ասում են՝ իբր ես կոկաին եմ ձերբակալել ու չեմ ոչնչացրել, այլ՝ յուրացրել եմ, հետո սարքել կրիպտոարժույթ։ Մի խոսքով, ասում են` ինչ ունեցվածք որ ունեմ այսօր, այդ կոկաինից է, որով կասկածի տակ են դնում 12 դեսպանատների կողմից ինձ տրված գովասանագրերն ու շնորհակալագրերը, ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցագործության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարի եւ այլ հեղինակավոր անձանց հայտարարությունները, ՄԱԿ-ի ղեկավարի շնորհակալական խոսքը, որ այդ թմրանյութը ոչնչացրել ենք։ Այդ մեղադրանքի հիմքը Քենիայի ընդդիմադիր ղեկավարներից մեկի մի հրապարակում է, որի հետ կար անձնական թշնամանք: Սրանք հիմք են ընդունել ու ընկել դրա հետեւից։ Հիմա էլ անընդհատ ձգում են նախաքննությունը՝ ասելով, թե դիմել ենք մի քանի երկրների, որպեսզի տեղեկություններ ստանանք ու հասկանանք` շարունակե՞նք, թե՞ դադարեցնենք գործընթացը։ Բայց տեղեկություն չեն ստանում ու անընդհատ գործընթացը ձգում են։ Մինչդեռ իրենք պարտավոր են դադարեցնել, որովհետեւ էս ձեւերով չեն կարող դատարան գնալ։ Ասեմ, որ իրենք անընդհատ մարդ են ուղարկում մոտս, ասում՝ քաղաքական հայացքներիցդ հրաժարվի, բռասլետդ կհանենք, ամեն անգամ մերժվում են։ Ես վստահ եմ, որ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ուրիշ բացատրություն չկա։
– Բայց Սրբազան շարժումն այլեւս չկա, Բագրատ սրբազանին կալանավորել են, ինչո՞ւ պիտի Ձեր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնեն, Դուք այլ թիմերի հետ շփումներ ունե՞ք։
– Իրենց համար հենց դա է վտանգավոր, որ որեւէ թիմի հետ չես, մենք աջակցել ենք Սրբազանին, միացել ժողովրդի շարժմանը, պայքարը շարունակում ենք, ու դա նրանց խիստ անհանգստացնում է։ Ղեկավարվող ընդդիմությունից էլ օրը 2-3 հոգի գալիս էին, կոչ անում միանալ կամ` գալիս էին մարդիկ, ովքեր փորձում էին մեզ ձայնագրել, որ դուք Քենիայում արել եք, ստեղ էլ պիտի հաջողեք, զինված հեղաշրջում արեք, հասկանալի է, որ իրենց ուղարկած մարդիկ էին, դրա համար բոլորին ասում էինք հաջողություն։
– Իսկ ովքե՞ր էին այդ բանագնաց «կառավարվող ընդդիմադիրները»։
– Եկեք չբարձրաձայնեմ․․․ հենց մեկը՝ կարտոշկա տշողը։
– Հովիկ Աղազարյանի՞ն նկատի ունեք, ինքն այդ ժամանակ դեռ ընդդիմություն չէր։
– Չէ, ինքը չէր գալիս, ուրիշներն էին գալիս ու ասում էին, որ պետք է սրան-նրան միանալ: Կան շատ կառավարվող ընդդիմադիրներ, որոնք տարբեր առաջարկներ էին անում, նրանց նպատակն է՝ շարժումը խեղդել, իրական խնդրից հեռու պահել եւ շեղել։ Թե՛ անջատելը (պառակտելը` Լ. Շ.), թե՛ միացնելը կառավարական օրակարգ կարող է լինել, կառավարությունը կարող է անջատել, պառակտել, որպեսզի ղեկավարի, եւ կարող է հակառակն անել՝ միացնել կառավարվող ընդդիմությանը, նրանք էլ սահուն շեղում են հիմնական խնդրից, շարժումը տանում մարման։
– Բայց փաստ է, չէ՞, որ Սրբազան շարժումը կամ, այսպես կոչված, խաղաղ հեղափոխությունը չհաջողվեց․․․
– Բայց ե՞րբ ենք մենք փորձ արել հեղափոխության, որ չհաջողվեց։
– 2024 թ. մայիսի 9-ի մեծ հանրահավաքին ժամանակ տրվեց Փաշինյանին՝ հեռանալու, հետո էլ պայքարը շարունակվեց, բայց՝ ապարդյուն։
– Գծագրության մեջ կա այսպիսի բան, թե որ կողմից ես օբյեկտին նայում, հիմա գլանին եթե կողքից նայես, կլոր է երեւալու, դիմացից նայես, քառակուսի է երեւալու: Նայած, թե որ կողմից եք նայում ու ասում, որ չհաջողվեց։ Եթե կառավարության կողմից եք նայում` հաջողվեց, չխոսենք այն մարդկանց մասին, որ գտնվում են անազատության մեջ ու չեն կարող իրենք իրենց պաշտպանության համար խոսել, ես էլ չեմ սիրում անդրադառնալ մարդկանց՝ իրենց բացակայությամբ, բայց կասեմ, որ շարժումը հաջողվեց, ուղղակի ուրիշ կողմից է պետք նայել, ավելին չեմ մանրամասնում։
– Ձեզ հետ Ձեր եղբորն էլ էին ձերբակալել, ինչո՞ւ նրան չկալանավորեցին, եթե քաղաքական հետապնդում էր։
– Երբ ձերբակալեցին, տեսան իր հեռախոսի մեջ Հայաստանից հինգ օր հետո մեկնելու տոմս, մտածեցին երեւի` ավելի լավ է բաց թողնենք, թող ճամփորդի, վաղը գլխներիս նոր գլխացավանք է գալու, թե` խոչընդոտել ենք բիզնես գործունեությանը։ Մտածեցին՝ ավելի լավ, թող էս մեկը գնա, ինձ էլ կանչեցին բացատրական զրույցի, որը մերժվեց, ասեցին` ուրեմն խափանման միջոց ենք ընտրելու, պատասխանեցի, որ չեմ վախենում։
– Եթե չեմ սխալվում, կուսակցություն ստեղծելու համար հիմնադիր համագումար էիք հրավիրել, կայացա՞վ, ստեղծվե՞ց կուսակցությունը։
– Այո, հիմա արդեն սպասում ենք Պետռեգիստրից վկայականին, նախագահը ես եմ ու ցանկություն ունեմ անպայման մասնակցել ընտրություններին։ Ընդ որում՝ առանց ֆրակցիաների, առանց միավորման։
– Այսինքն՝ չե՞ք համագործակցելու այլ ուժերի հետ։
– Ոչ մեկի հետ չենք միավորվելու, դա էլ կառավարական օրակարգ է, որ փորձում են ժողովրդին համոզել, թե մի կուսակցությամբ չի լինի, չեն հաջողի։
– Ովքե՞ր են Ձեր թիմում, Դուք կարո՞ղ եք պատգամավորության թեկնածու դառնալ, մշտական բնակության պահանջին համապատասխանո՞ւմ եք։
– Շատ մտավորականներ կան, Ձեր բնորոշումը՝ հանրությանը հայտնի, ինձ համար հասկանալի չէ, եթե հանրությանը հայտնիները քրեաօլիգարխներն են, մեզ մոտ քրեաօլիգարխներ չկան, կան մտավորականներ, հայտնի ռեժիսորներ, տարբեր ոլորտի մարդիկ։ Ինչ վերաբերում է պատգամավորական պահանջին, այո, կարող եմ` 2020 թվականից Հայաստանում եմ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

























































































