Այսօր հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի արժանացել 2025 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակին՝ չնայած նրա կողմնակիցների բարձր ակնկալիքներին եւ վերջին ամիսներին ակտիվ քարոզչությանը։ Մրցանակը շնորհվեց Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին՝ Վենեսուելայում՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հաստատման ուղղությամբ նրա պայքարի համար ։
Թրամփի կողմնակիցները նրա Նոբելյան մրցանակին չարժանանալը բացատրում են ժամանակային համընկմամբ։ Նոբելյան կոմիտեն իր որոշումը կայացրել էր երկուշաբթի օրը՝ մի քանի օր այն բանից առաջ, երբ Թրամփի ղեկավարությամբ հայտարարվեց Իսրայել-Համաս զինադադարի մասին։ Այդ որոշումը շատերի կողմից որակվեց որպես պատմական, իսկ Թել Ավիվի եւ Գազայի փողոցներում մարդիկ վանկարկում էին Թրամփի անունը՝ կոչ անելով նրան շնորհել Նոբելյան մրցանակ։
Թրամփի կողմնակիցները նաեւ ընդգծում են նրա ներդրումը այլ աշխարհագրական հակամարտությունների մեղմացման գործում՝ ներառյալ Ռուսաստան-Ուկրաինա, Կոնգո-Ռուանդա, Կամբոջա-Թայլանդ, Հնդկաստան-Պակիստան, Սերբիա-Կոսովո, Եգիպտոս-Եթովպիա եւ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունները։ Ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Բարը այս շաբաթ պաշտոնապես առաջադրեց Թրամփի թեկնածությունը՝ հայտարարելով, որ «աշխարհում ոչ մի առաջնորդ չի արել ավելի շատ քայլեր՝ խաղաղություն եւ բարգավաճում ապահովելու համար, քան Թրամփը»։
Սակայն նախագահի քննադատներն ընդգծում են Թրամփի այն գործողությունները, որոնք հակասում են խաղաղությանը նպաստող արժեքներին։ Դրանց թվում են՝ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծումը, միջազգային օգնության կրճատումները, USAID-ի փակումը, եւ արտաքին քաղաքականության կոշտ դիրքորոշումները, որոնք հակասում են ազգերի միջեւ եղբայրության գաղափարին։
Չնայած այս տարվա արդյունքին՝ Թրամփի շրջապատը հույս ունի, որ հաջորդ տարի նա կունենա առավել ուժեղ հնարավորություններ՝ մրցանակի արժանանալու համար։
Անի Վարդանյան


























































































