Armenian text to speach

Բորիս Ավագյանի մահվան գործով դեռ քննարկվում է քննչական խումբ ստեղծելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, մահացած է հայտնաբերվել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արթիկի նախկին փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը։ Նրա մահը շարունակում է մնալ առեղծվածային՝ հարուցելով բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ իրավապահ մարմինների պարզաբանումները մնում են չափազանց սակավաթիվ։

Ավելի վաղ՝ մահվանից մի քանի ժամ առաջ, Բորիս Ավագյանը տեսանյութ էր տարածել՝ հայտնելով, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում, եւ խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։ Նրա խոսքերից պարզ էր, որ նա իրեն վտանգված էր զգում եւ ակնկալում էր պետական աջակցություն։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցման միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել է, որ այս պահի դրությամբ դեռ քննարկվում է ՌԴ գլխավոր դատախազության հետ համատեղ քննչական խումբ ստեղծելու հարցը, որի նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացու՝ Բորիս Ավագյանի մահվան հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունը։ Այսինքն՝ դեպքից անցել է արդեն 15 օր, սակայն պաշտոնական մակարդակով քննության կազմակերպման հարցը դեռ քննարկման փուլում է։ Ոչ մի առարկայական արդյունք:

Դատախազությունը չի պարզաբանել, թե ինչ քայլեր են իրականացվել Ավագյանի կողմից ներկայացված արտահանձնման պահանջի վերաբերյալ, կամ արդյոք Հայաստանի համապատասխան կառույցները կապ են հաստատել նրա հետ՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով։

Բացի դրանից, մնում է անհասկանալի, թե ինչպես է Ավագյանը հյուպատոսարանի տարածքում կարողացել միայնակ տեսանյութ նկարահանել, եթե այնտեղ գործում են անվտանգության ներքին կանոնակարգեր եւ հսկողություն։

Ավելին` փաստաբանը հրապարակավ հայտարարել է, որ Բորիս Ավագյանը չէր կարող ինքնասպան լինել. ամենայն հավանականությամբ նա սպանվել է։ Հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ դեպքի առիթով հարուցված է քրեական վարույթ:

Բորիս Ավագյանի մահվան գործով առայժմ հանրությանը հայտնի միակ վարկածը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, կապված է նրա ենթադրյալ պարտավորություններին եւ ֆինանսական խնդիրներին, որոնք կարող էին դրդել ինքնասպանության։

Սակայն այս վարկածը չի տալիս պատասխաններ ոչ հանրային սպասումներին, ոչ էլ մահացածի ընտանիքի ու իրավաբանական շրջանակների հարցերին։

Այսպիսով՝ 15 օր անց Բորիս Ավագյանի մահը շարունակում է մնալ առեղծվածային, իսկ պետական կառույցները դեռ միայն քննարկում են՝ ինչպես եւ երբ սկսել համատեղ քննությունը։

 

 

 

 

 

 

Ծաղկաձորի փոխքաղաքապետը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ծեծ` մարզետարանի դիմաց

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծաղկաձորի փոխքաղաքապետ Ոսկան Եղիազարյանը, ով համարվում է առաջին փոխքաղաքապետը, վերջին օրերին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Լուրեր կան, որ սեպտեմբերի սկզբին Կոտայքի մարզպետարանի շենքի դիմաց, օրը ցերեկով փոխքաղաքապետը, նրա բանակային տարիքի որդին եւ նրա ընկերները դաժանորեն ծեծել են ծաղկաձորցի մի տղայի: Նա ստացել է բավականին ծանր վնասվածքներ հատկապես գլխի շրջանում: Ավելի ուշ միջադեպի վայր է ժամանել ոստիկանությունը, եւ հարուցվել է վարույթ։ Քանի որ բռնություն գործադրող կողմը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ են, քննությունը տեղից չի շարժվում: Ո՛չ դատախազությունը, ո՛չ Քննչական կոմիտեն փութաջանություն չեն դրսեւորում ՔՊ-ականներին բերման ենթարկելու, պատժելու համար:

Ծաղկաձորից մեզ փոխանցեցին, որ Եղիազարյանի հովանավորը ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն է, ում աջակցությամբ էլ նա նշանակվել է բարձր պաշտոնի, սակայն մեզ, ցավոք, չհաջողվեց Հակոբյանի հետ զրուցել: Չկարողացանք նաեւ փոխքաղաքապետին գտնել:

 

 

 

 

 

«Մահվան նախարար» բնորոշմամբ հայտնի Արսեն Թորոսյանի օրոք, երբ շատ մասնագետների համար անհասկանալի եղանակներով բուժում էին ՔՈՎԻԴ-19-ը, վատնվել են նաեւ պետական բյուջեի միջոցներ, որոնց մասին «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակումների շարքը:

Նախ նկատենք, որ հետխորհրդային երկրներում ամենաշատ մահացության դեպքերը հենց Հայաստանում են գրանցվել: ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքով 8746 մարդ է մահացել Հայաստանում:

Իսկ ինչպե՞ս է կատարվել բուժումը:

Ըստ ֆինանսների նախարարության վերահսկողության տվյալների՝ մեկ հիվանդի բուժման համար նախատեսված գները հիմնավորված չեն հաշվարկներով: Այսպես՝ 11.06.2020 թվականի 1853 ա հրամանով սոմատիկ բաժանմունքում հիվանդի բուժման համար հաստատված գնի մեջ որպես «այլ ծախսեր» ներառված է եղել «313» դրամ, իսկ մեկ այլ՝ 3873 ա հրամանով, հաստատված գնի մեջ «այլ ծախսեր» գումարը կազմել է «5000» դրամ, կամ այլ ծախսերը, առանց հիմնավորման, ավելացել են 4687 դրամով: Արդյունքում, 01.11.2020 թվականից մինչեւ 31.03.2021 թվականն ընկած ժամանակահատվածում, «այլ ծախսերի» ավելացման հետեւանքով, սոմատիկ բաժանմունքում բուժված հիվանդների բուժման արժեքը ավելացել է 177 մլն 993 հազար դրամով: Այսինքն՝ մոտ կես մլն ԱՄՆ դոլար հավելագրել են:

Համանման կարգով վերակենդանացման 1-ին, 2-րդ, եւ 3-րդ մակարդակներում «այլ ծախսեր»-ի ավելացման հետեւանքով մեկ հիվանդի բուժման գինը ավելացել է 4903 դրամով: Արդյունքում, հիվանդների բուժման գինն ավելացել է շուրջ 52 մլն 903 հազար դրամով:

Այսինքն՝ 01.11.2020 թվականից մինչեւ 31.03.2021 թվական 230 մլն դրամ հավելագրվել է եւ յուրացվել: Սակայն Արսեն Թորոսյանը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում գործադիրը կընտրի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ եւ կառաջադրի նոր թեկնածու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում։ Որոշվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին: Հովսեփյանը 2019-2021 թվականներին եղել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, 2021 թվականի մարտի 16-ից աշխատել է որպես ՀՀ գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար, ապա 2021 թվականից՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ՀՀ Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել Կամո Սարգսյանի թեկնածությունը: Կամո Սարգսյանը ծնվել է 1976 թվականին Ռուսաստանի Դաշնության Բեսլան քաղաքում: Ավարտել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել ինժեներ-տնտեսագետի որակավորում: 2019 թվականի մայիսի 31-ից մինչեւ 2020 թվականի մայիսի 31-ը զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը: 2018-2019թթ. եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ, ապա կոմիտեի նախագահի պաշտոնակատար:

 




Լրահոս