Հայտնի դարձավ, որ «Մեր ձևով» շարժմանը միացել է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն։
Այս մասին հայտարարել էին «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ։
ArmLur.am-ն ուսումնասիրել է Տարոն Աճեմօղլուի անցած ուղին և նկատել, որ վերջինս 2018 թվականի հեղափոխությանը էր սատարել և «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Աճեմօղլուն նշել է, որ Հայաստանի համար խաղաղ հեղափոխությունը կարևորագույն, սակայն միայն առաջին քայլն է։
Երկրորդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ կատարելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար։ «Այդ երկրորդ քայլը որևէ կերպ երաշխավորված չէ, սակայն այժմ մենք գոնե ունենք այն իրագործելու հնարավորությունը։ Գոյություն չունեն համընդհանուր լուծումներ, դրանք կախված են յուրաքանչյուր երկրի պայմաններից»,– ասել է նա։
Հարցական է, թե արդյոք Աճեմօղլուն նույն բանն է կարծում «Մեր ձևով» շարժմանը միանալու համար։
«Հայաստանի համար խոստումնալից է, որ միջազգային հանրության շրջանում առկա է իրական խանդավառություն, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և Հայաստանի արդեն իսկ գրանցված ձեռքբերումների բարձր գնահատականի ժամանակը»,– նույն հարցազրույցում նշել է տնտեսագետը՝ զգուշացնելով, որ մարտահրավերներն անխուսափելի են։
Հեղափոխության մասին խանդաղատանքով խոսող Աճեմօղլուն, սակայն, իրեն Հայաստանի կառավարության կազմում չէր տեսնում, սակայն պատրաստ էր օգնել։
Նա նշել էր.
«Կարծում եմ, Հայաստանից դուրս բնակվողները կարող են աջակցություն ցուցաբերել, խորհուրդ տալ։ Սակայն համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիներն ինքնուրույն պետք է կառուցեն իրենց երկիրը»։
Թե յոթ տարի անց ինչ է փոխվել, որ Աճեմօղլուն կրկին քաղաքական շարժման է միացել, անհայտ է։ Թե ինչ պաշտոնի հավակնություն կա, ևս անհայտ է մնում։
Հայաստանի նախկին կառավարության ներկայացուցիչներին Տարոն Աճեմօղլուն անվանել էր «կոռումպացված և անարդյունավետ», իսկ հեղափոխությունն անվանել էր «երկրի նոր սկզբի հիմնադրում»։
Աճեմօղլուն (կամ Աջեմօղլուն) ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 3-ին Ստամբուլում, Թուրքիայում։ Հայկական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ է։ 2024 թվականին Սայմոն Ջոնսոնի և Ջեյմս Ռոբինսոնի հետ միասին դարձել է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Էմմա Միքայելյան






























