Արմավիրի մարզպետարանի երկարամյա աշխատակիցը, ով հասել էր փոխմարզպետի պաշտոնի, գրչի մեկ հպումով ազատվել է պաշտոնից՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով։
Խաչատուր Մկրտչյանը գրեթե 30 տարի համայնքապետարանում տարբեր պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ներում տեղավորել է կնոջը՝ Լուսածին Ալեքսանյանին և համատեղ բնակվող Անահիտ Մկրտչյանին։
Համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Մկրտչյանի կինը «Արմավիրի համայնքապետարանի գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենն է, Անահիտ Մկրտչյանը՝ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 10 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում որպես հոգեբան է աշխատում, իսկ որդին՝ Հովհաննես Մկրտչյանը, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ է։
Խաչատուր Մկրտչյանը 1996 թվականից Արմավիրի համայնքապետարանում աշխատանքի է տեղավորվել որպես ՀՀ Արմավիրի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար, այնուհետև գլխավոր մասնագետ։
Դրանից հետո` 2000 թվականից, եղել է նաև Արմավիրի մարզպետարանում որպես Քաղաքաշինության վարչության պետ։ Հաջորդ պաշտոնը կրկին մարզպետի տեղակալն է եղել, ապա խորհրդական և կրկին մարզպետի տեղակալ։
Փոխմարզպետը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում Արմավիրի մարզի Արմավիր համայնքում և 2 հողամաս Շենավան համայնքում։ Բնակարանը 2021-ին Մկրտչյանը նվիրատվություն է ստացել։
Տվյալ տարվա ընթացքում նախկին փոխմարզպետը գնել է տրանսպորտի միջոց JEEP մակնիշի 2018 թվականի արտադրության, որն արժեցել է 4 մլն դրամ։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 1 մլն 275 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 234 հազար դրամ, որից 9 մլն 158 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզի մարզպետի աշխատակազմից, 775 հազար 310 դրամը կենսաթոշակ է, իսկ 300 հազար 786 դրամն կրկին աշխատանքի վարձատրություն է Արմավիրի համայնքապետարանից։
Մկրտչյանը պաշտոնանկ է արվել այս տարվա հունվարի 7-ին՝ կրկին վարչապետի հրամանով, նրա պաշտոնը մինչ այս պահը թափուր է, երկարամյա աշխատակցին փոխարինող չեն գտնում։
Էմմա Միքայելյան

























































































