ArmLur.am-ի իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեից 3 քննիչ արդեն ավելի քան 2.5 ժամ ներկայացնում են իրենց դիրքորոշումը, թե ինչու պետք է Տաշիր ընկերությունների խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվի:
ArmLur.am-ը տեղեկացրել է, որ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով այս պահին հակակոռուպցիոն դատարանում ընթանում է կալանքի միջնորդության քննությունը, որին հետևում են հազարավոր քաղաքացիներ՝ փակելով Թբիլիսյան խճուղու կես ճանապարհը։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դատական նիստին մասնակցում են ՀՀ Քննչական կոմիտեից երեք քննիչ, որոնք շուրջ երկու ժամ երեսուն րոպեից ավելի շարունակում են ներկայացնել իրենց հիմնավորումները առաջադրված նոր մեղադրանքի և նախկին մեղադրանքի շրջանակներում բարերարի կալանքի մնալու համար։
Ըստ նույն աղբյուրների՝ նիստի ընթացքում մինչ այս պահը խոսում են միայն քննիչները, իսկ Սամվել Կարապետյանը դեռևս հանդես չի եկել խոսքով։ Դատական նիստը շարունակվում է։ ArmLur.am-ը կհայտնի մանրամասներ գործի ընթացքի մասին: Այս պահին դատարանի բակում նաև բարձրախոսներով հանրահավաք է սկսվել:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
Քնար Մանուկյան





























