Armenian text to speach

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Սամվել Կարապետյանի կալանքի հարցի քննությունը դեռ կշարունակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով՝ Տաշիր ընկերությունների խորհրդի նախագահ, գործարար և ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարացման հարցի քննությունը դեռ երկար կշարունակվի հակակոռուպցիոն դատարանում։

ArmLur.am-ը տեղեկացրեց, որ նիստը մեկնարկել է ժամը 16:00-ին, և արդեն ավելի քան 4.5 ժամ է՝ դատարանը շարունակում է քննարկումը։

Քննության ընթացքում ՀՀ Քննչական կոմիտեի երեք քննիչները շարունակում են ներկայացնել իրենց հիմնավորումները՝ պնդելով, որ անհրաժեշտ է երկարաձգել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Ըստ նույն տեղեկությունների՝ Սամվել Կարապետյանը մինչ այս պահը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, իսկ դատարանի բակում քաղաքացիները շարունակում են իրենց ներկայությամբ աջակցել բարերարին։

Տարածքում պահպանվում է բարձր հուզական մթնոլորտ․ քաղաքացիները բարձրախոսներով կոչեր են հնչեցնում՝ «մեր ձևով», «ազատություն»՝ պահանջելով արդար դատաքննություն։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին, նրան առաջադրվել է մեղադրանք՝ իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական հետապնդում։

ArmLur.am-ը շարունակում է հետևել դատական գործընթացին և կներկայացնի նոր մանրամասներ՝ նիստի ավարտից անմիջապես հետո։

Քնար Մանուկյան




Լրահոս