Ինչպես տեղեկացրել են Մեխիկոյի տեղական ինքնակառավարման մարմինները, Մարկեսի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա կլինեն նաև Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյի Նիետոն և Կոլումբիայի ղեկավար Խուան Մանուել Սանտոսը:
Ազգային Խորհրդի մշակույթի ու արվեստի հարցերով խորհրդի նախագահ Ռաֆայել Տովարայի խոսքերով, վերջին հրաժեշտի արարողությունը մոտ չորս ժամ կտևի:
Արարողությանը կմասնակցեն մշակույթի համաշխարհային և հասարակական գործիչներ, ինչպես նաև գրողի ընթերցողները, տեղեկացնում է ИТАР-ТАСС -ը:
Ինչպես նշել է Ռաֆայել Տովարը, դեռ որոշված չէ, թե որտեղ կթաղվի Մարկեսը: Գրողի մտերիմներն, ովքեր ապրում են Մեխիկոյում, ցանկություն են հայտնել, որպեսզի հանգուցյալի դիակիզումից հետո նրա դիափոշին ամփոփվի Մեխիկոյում: Գրողի Կոլումբիայում բնակվող բարեկամներն իրենց հերթին, խնդրում են, որպեսզի Մարկեսի դիափոշին բերվի Կոլումբիա՝ գրողի հայրենիք:
Այս պահին քննարկվում է գրողի դիափոշու մի մասը Մեխիկոյում ամփոփելու, մյուս մասը Բոգոտա ուղղարկելու տարբերակը: Սակայն Նոբելյան մրցանակակրի բարեկամները դեռ համաձայնության չեն եկել այս հարցի շուրջ:
Հայտնի գրողի ընթերցողներն ու երկրպագուները նրա տան մոտակայքում այս օրերին դեղին ծաղիկներ են թողնում: Մարկեսը սիրում էր դեղին ծաղիկներ:
Մեխիկոյի քաղաքային իշխանությունների տեղեկացմամբ, վերջին հրաժեշտի արարողությունից հետո մի շարք սգո արարողություններ կանցկացվեն նաև Կոլումբիայում:
Հիշեցնենք, որ Մարկեսը մահացավ ապրիլի 17-ին՝ Մեխիկոյի իր տանը:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: