ArmLur.am-ը տեղեկացնում է, որ այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարացման հարցով դատական նիստը։
ArmLur.am-ին դռնփակ դատական նիստից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, դատարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս մնում են երեք պաշտպանների՝ Լիաննա Գասպարյանի, Արամ Վարդևանյանի և Արշակ Վարդանյանի ելույթները։ Այդ ելույթներից հետո նախատեսվում է, որ դատարանը, քննիչներն ու դատախազը կհրապարակեն իրենց հարցերը պաշտպանական կողմին։ Այնուհետև դատավորն ու դատարանի կազմը կգնան խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նպատակով։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ դատական որոշումը կհրապարակվի կամ այսօր ուշ երեկոյան, կամ վաղը առավոտյան։
Նշենք, որ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին՝ իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերի մեղադրանքով։ Կարապետյանը և նրա պաշտպանական խումբը մեղադրանքները մերժում են՝ դրանք որակելով մաքուր քաղաքական հալածանք։ Դատական նիստը շարունակվում է, իսկ դատարանի շենքի դիմաց դեռ հավաքված են աջակիցները՝ պահանջելով բարերարի ազատ արձակում։
Քնար Մանուկյան

























































































