Քաղաքապետի եկամուտները գնալով աճում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ուսումնասիրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` 2011թ-ից առ այսօր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի հայտարարագրերը:

2011թ. ընթացքում քաղաքապետը չի հայտարարագրել ոչ մի անշարժ կամ շարժական գույք: Լրացված են միայն դրամական միջոցներ և եկամուտների բաժինը: Ըստ այդ թվերի` Տարոն Մարգարյանի դրամական միջոցները 2011թ. կազմել են 115.000.000 դրամ, 50.000 դոլար և նույնքան եվրո: Այդ տարի նրա եկամուտը գոյացել է միայն 4.039.265 դրամ աշխատավարձից:

2012թ., պարզվում է, Մարգարյանի դրամական միջոցներում ոչ մի տեղաշարժ չի եղել, քանի որ ներկայացված թվերը նույնն են: Սակայն ավելացել է նրա  աշխատավարձը, որն էլ կազմել է 4.713.600 դրամ:

Ի տարբերություն նախորդ երկու հայտարարագրերի, 2013 թվականին ներկայացրած հայտարարագիրը բավական առատ է: Ըստ այդմ, նա ունի 7 շենք և շինություն, որից միայն մեկն է հանդիսանում համատեր սեփականություն: Մնացած վեցը միանձնյա սեփականության շենքեր և շինություններ են: Ներկայացված են նաև  3 հողին ամրացված այլ անշարժ գույք և մեկ հողամաս: Այս բոլորն արդեն միանձնյա սեփականության են:

Այս հայտարարագրում ներկայացված է նաև քաղաքապետի շարժական գույքը: Նշված է 3 ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` 2007թ. արտադրության Մերսեդես S450, 2006թ.  արտադրության Ռենջ ռովեր սուպեր չարչ և 2002թ. արտադրության Մերսեդես-Բենց G500:

Տարոն Մարգարյանի այս հայտարարագրում ներկայացված է նաև քաղաքապետին պատկանող բաժնեմաս, որը կազմում է 25.000 դրամ: Նրա դրամական միջոցները կրկին մնացել են նույնը: Սակայն փոխվել է նրա  վարձատրության չափը և դարձել է 6.714.146 դրամ:

Անդրադառնանք Տարոն Մարգարյանի վերջին հայտարարագրին, որը էթիկայի հանձնաժողով է ներկայացվել վերջերս` փետրվարի 26-ին:  Նրա դրամական միջոցները մնացել են կրկին նույնը, սակայն եկամտի աղբյուրներն ավելացել են:  Աշխատանքի վարձատրությունը կազմել է 4,833,040 դրամ, գույքը օտարելուց ստացված եկամուտը կազմելէ 1,500,000 և 1.000.000 դրամ: Ստացվում է, որ միայն մեկ տարում նրա եկամուտը կազմել է 7.333.040 դրամ:

Տարոն Մարգարյանի կնոջ ունեցվածքն էլ այդ նույն տարիների ընթացքում կազմել է 50,000.000 դրամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս