Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ մրցանակաբաշխությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, գործադիր մարմնի անդամներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ:
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին: Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Վինսենթ Ռոշին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և նշել, որ ժամանակակից և տեխնոլոգիաների աշխարհում մեր մրցանակակիրների գործունեությունն ամեն օր ներկա է մեր կյանքում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է մրցանակակիրների հետ ունեցած հանդիպումների ու զրույցների կարևորությունը Կառավարության քաղաքականությունների մշակման գործում: «Այն հարցին, թե ինչո՞ւմ է ձեզ օգնել ձեր երկրի կառավարությունը, բոլոր դեպքերում ես ստացել եմ մի պատասխան՝ կրթությունը, կառավարությունը մեզ համար ապահովել է կրթություն՝ հանրակրթություն, բարձրագույն, հետբուհական: Գուցե նաև մրցանակաբաշխության առիթով մրցանակակիրների հետ ունեցած մեր խոսակցություններն են իրենց ազդեցությունն ունեցել այն հարցում, որ մենք հիմա այդքան շատ կենտրոնացած ենք կրթության վրա: Իհարկե, նաև մեր փորձը, իմացությունն ու պրակտիկան է մեզ բերել հետևյալին, որ այսօր Հայաստանում գործնականում չկա թեկուզ մի հարց, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով՝ կլինի դա արտաքին քաղաքականության, կլինի ներքին քաղաքականության, շինարարության, հումանիտար ոլորտի, սոցիալական»,-ասել է երկրի ղեկավարը:


















































































