Armenian text to speach

Նախատեսվում է թվայնացնել օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գործադիրը հավանություն է տվել նաև «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծի նպատակն է թվայնացնել օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը, միաժամանակ ավելի դյուրին և արդյունավետ դարձնել օտարերկրացիների հաշվառման վարչարարության իրականացումը, հստակեցնել կացության կարգավիճակների տեսակներն ու կացության կարգավիճակ տալու վարույթի իրականացման մեխանիզմները և լուծում տալ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրների։ Հաշվի առնելով վերջին շրջանում դեպի ՀՀ ուղղված աշխատանքային միգրացիոն հոսքերի ակտիվությունը և այդ հոսքի կանոնակարգման անհրաժեշտությունը, նախագծում անդրադարձ է կատարվել նաև օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային վիզայի տրամադրման հետ կապված հարցերին։

Մասնավորապես առաջարկվում է՝ ձևավորել օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական համակարգ, որին հասանելիություն կունենան գործընթացներում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինները և որի տվյալների շտեմարանից կկարողանան օգտվել բոլոր շահագրգիռ մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։ Նախատեսվում է ապահովել ՀՀ-ում օրինական բնակվող օտարերկրացիների նույնականացումը՝ սահմանելով օտարերկրացուն ՀՀ կողմից տրվող բնակության օրինականությունը հաստատող փաստաթղթերի հասկացությունը և սահմանափակելով օտարերկրացու կողմից միաժամանակ մեկից ավելի բնակության օրինականությունը հաստատող փաստաթուղթ ունենալու հնարավորությունը, ինչն էլ կբացառի օտարերկրացու կողմից տարբեր անհատական տվյալներով հանդես գալու և չարաշահումներ թույլ տալու դեպքերը։ Առաջարկվում է նաև պարզեցնել ՀՀ կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգը՝ թվայնացնելով դիմումների ներկայացման և քննարկման գործընթացները։ Դա հնարավորություն է տալու օտարերկրացուն խուսափել անհարկի հերթերից և կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնել բացառապես առցանց եղանակով, նույն եղանակով էլ ստանալ տեղեկատվություն իր դիմումի ընթացքի վերաբերյալ։ Օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային միասնական հաշվառման համակարգի ներդրումը հնարավորություն կտա ապահովել ոլորտում պետության լիազորությունների արդյունավետ իրականացումը, կառավարելիության բարելավումը։ Միաժամանակ, ապահովել կացության կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացած հանգամանքների նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը։ Օտարերկրացիներին մատուցվող որոշ ծառայությունների համար պետական տուրքի սահմանումը, այդ թվում՝ դիմումների քննարկման համար պետական տուրքի գանձումը, կացության կարգավիճակների արտոնությունների քաղաքականության վերանայումը թույլ կտա որոշակիորեն փոխհատուցել այդ ծառայությունների մատուցման համար պետության կողմից կատարվող ծախսերը և ավելացնել ՀՀ պետական բյուջեի եկամուտները։

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող լրացումներով կարգավորվում է նախկինում պետական սեփականություն հանդիսացող և համապատասխան համայնքներին Կառավարության որոշումներով փոխանցված, փոխանցման պահին Կառավարության վերոնշյալ որոշումներով չմասնավորեցվող դասված, սակայն դրանից հետո համայնքների գլխավոր հատակագծերում կամ հողամասերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում, ինչպես նաև դրանցում իրականացված կամ իրականացվող փոփոխություններում նշված հողամասերի մասով նման սահմանափակում չնախատեսող հողամասերի հետագա տնօրինումը՝ առանց նշված որոշումներում փոփոխություն կատարելու համայնքի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ հողամասը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլևս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։ Միաժամանակ, անցումային դրույթներով նախատեսվում է օրենքի գործողությունը տարածել նաև դեռևս չօտարված այն հողամասերի նկատմամբ, որոնց նպատակային կամ գործառնական նշանակությունը (հողատեսքը) քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով փոփոխվել է մինչև ներկայացվող օրինագծի ուժի մեջ մտնելը:

Հավանություն է տրվել «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը միտված է ՀՀ-ում գնահատման գործունեության զարգացմանը՝ այն դարձնելով առավել մրցունակ, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխանող։ Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետությանը ներգրավվել միջազգային գնահատման շուկայում և ստեղծել այնպիսի համակարգ, որն ապահովում է բարձր որակի, վստահելի և ներդրումներին նպաստող ծառայությունների մատուցում։ Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գնահատման ծառայությունների որակի բարձրացում: Միջազգային ճանաչում ունեցող մասնագետների և կազմակերպությունների ներգրավումը կնպաստի նոր մեթոդաբանությունների և գործիքների կիրառմանը։ Միջազգային մասնագետների և տեղական մասնագետների համատեղ գործունեությունը կստեղծի առողջ մրցակցային դաշտ։ Արդյունքում՝ կբարձրանա ծառայությունների մատուցման մակարդակը, կնվազի մոնոպոլիզացիայի ռիսկը, իսկ պատվիրատուները կստանան առավել որակյալ և բազմազան ծառայություններ։ Օտարերկրյա ներդրողների համար կձևավորվի վստահելի միջավայր, քանի որ նրանք հնարավորություն կունենան օգտվել միջազգային ճանաչում ունեցող մասնագետների և կազմակերպությունների ծառայություններից։ Սա կնպաստի ներդրումային ծրագրերի իրականացման արագացմանը, կնվազեցնի ներդրողների ռիսկերը և կբարձրացնի Հայաստանի գրավչությունը՝ որպես ներդրումային ուղղություն։ Նախագծով սահմանվող կարգավորումների շնորհիվ ՀՀ որակավորված գնահատողները հնարավորություն կունենան նույն փոխադարձության սկզբունքով իրականացնել համապատասխան գործունեություն այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը նախատեսում են նման հնարավորություն։ Այս մոտեցումը կնպաստի մեր մասնագետների ծառայությունների միջազգային ճանաչմանը և շուկայի ընդլայնմանը։

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 443-րդ և 444-րդ հոդվածներով նախատեսված արարքի սուբյեկտների շրջանակը՝ « ՀՀ օրենսդրությամբ սահմանված`» բառերը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով փոխարինելով: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝ հստակեցնել հանցակազմերի սուբյեկտի շրջանակը, կանխել գործնականում առաջացող լայն մեկնաբանությունների և հակասությունների ռիսկերը՝ հանցակազմի օբյեկտի և սուբյեկտի հետ կապված: Ըստ հիմնավորման՝ յուրաքանչյուր տեսակի հայտարարագիր չներկայացնելու կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելու, կամ ներկայացված տվյալը խեղաթյուրելու համար օրենսդիրը սահմանել է առանձին քրեական պատասխանատվություն: Հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով նախատեսված է ոչ թե առհասարակ ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր, այլ կոնկրետ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի չներկայացնելու, դրանում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:

Հավանություն է տրվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ապահովել միասնական կառուցակարգերի և մեթոդաբանության հիման վրա կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին համապատասխան գործառույթների և լիազորությունների վերապահման միջոցով: Օրինագծով առաջարկվում է ներդնել կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ հետևյալ մարմիններում և կազմակերպություններում՝ հանրային իշխանության մարմիններ, առողջապահության, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության, փորձագիտության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող կամ վերջին երեք տարվա ընթացքում պետական բյուջեից սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ ստացած պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներ, 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող ընկերություններ: Ըստ հիմնավորման՝ կոռուպցիոն ռիսկերի գնահատման նպատակով Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի սահմանում է գնահատման ենթակա գործընթացը՝ հիմնվելով մեթոդաբանությամբ սահմանված ռիսկային չափորոշիչների վրա։ Դա Հանձնաժողովին հնարավորություն է կտա առաջնահերթություն տալ այն գործընթացներին, որոնք օբյեկտիվորեն առավել խոցելի են կոռուպցիոն ռիսկերի նկատմամբ և իրականացնել դրանց խորքային վերլուծություն: Այսպիսով, համակարգի ներդրումը կապահովի ոչ միայն առկա հակակոռուպցիոն և կառավարման մեխանիզմների բազմակողմանի գնահատում, այլև կնպաստի բարեփոխումների իրականացմանը և կոռուպցիոն ռիսկերի արդյունավետ կառավարմանը պետական և համայնքային մարմիններում ու կազմակերպություններում։




Լրահոս