Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․
«Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանքի պատասխան քայլերից մեկը լինելու է նաև իմ գործադուլը՝ անորոշ ժամկետով։
Լիովին գիտակցում եմ, որ այս որոշումը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել իմ վստահորդներին, և հայցում եմ բոլորի ներողամտությունը։ Սակայն Կոչուբաևի հետ տեղի ունեցածն արշավ է ոչ միայն փաստաբանական համայնքի, այլև ձեր բոլորի նկատմամբ։
Կրկնում եմ՝ իշխանությունը փաստացի արժեզրկել է փաստաբանի դերը։ Ուստի ավելի լավ է պայքարել և դիմանալ այս փորձությանը, քան թույլ տալ անդառնալի հետևանքներ։
Հետգրառում։ Այսօր 4 դատական նիստերին մասնակցելուց արդեն հրաժարվել եմ։ Շնորհակալ եմ բոլոր այն դատավորներին, ովքեր ըմբռնումով մոտեցան այս հարցին»,- նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ գործադուլ է հայտարարել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրանն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):