«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անկարող է պետական շահերը սպասարկել: Ամեն ամիս Հայաստանը միլիոնավոր դոլարների կորուստ է կրում: Իսկ երբ ընդդիմադիրներին պատժելու հարցն է գալիս՝ ՔՊ իշխանությունը գերակտիվ է:
Ինչի՞ մասին է խոսքը
2022թ. օգոստոսից Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շնարարությունը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հատվածում կասեցված է: Պատճառը քաղաքացի Արշակ Արշակյանն է, որը իր սեփական հողի համար պահանջում է ավելի բարձր փոխհատուցում պետությունից, իսկ գործադիրը չի համաձայնում:
Հիմա բացենք թեման:
Երբ վերջին ասուլիսի ժամանակ Տիգրան Ավինյանին լրագրողները հարց տվեցին Աջափնյակի մետրոյի վերաբերյալ, որի կառուցման ճանապարհին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի առանձնատունն է, նա խրոխտ ասաց, որ գերակա շահի մասին որոշումը չի ճանաչում ՀՀԿ պատգամավոր, չի ճանաչում որեւէ տեսակի անհատի կուսակցական պատկանելիություն. «Մենք հարգում ենք քո սեփականության իրավունքը, բայց այս հողատարածքը ավելի մեծ կարեւորություն ունի հանրության համար, քան քո ինդիվիդուալ շահն է»: Բայց երբ խոսքը վերաբերում է իրեն քաղաքապետ դարձրած «Հանրապետություն» կուսակցությանը, Ավինյանի սկզբունքայնությունը կաղում է:
Կոռուպցիոն փաստեր
1-ին լուսանկարում նշված անձնավորությունը նույն Արշակ Արշակյանն է, որը կանգնեցրել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքը՝ պետությունից պահանջելով ահռելի մեծ թվով փոխհատուցում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արշակ Արշակյանը «Տիգրան մեծ» ջոկատի հրամանատարներից է, «Հանրապետություն» կուսակցության երկարամյա ներկայացուցիչ, որի մտերիմ ազգականն էլ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարն է՝ Կարեն Հակոբյանը (լուսանկար 2): Երեւանի փոխքաղաքապետը եւս «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն է՝ Սարգիս Մադաթյանը: Այսինքն՝ քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության համար միլիոնների վնաս պատճառող Աշակ Արշակյանը Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձրած կոալիցիոն գործընկեր կուսակցության ներկայացուցիչն է: 3-րդ լուսանկարում վիճահարույց տարածքում ժամանակ է անցկացնում ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի բարեկամն է:
Ազատամարտիկը մոտ 2000 քմ-ից 503 քմ տարածք չի տալիս պետությանը՝ փոխհատուցմամբ
Արշակ Արշակյանը իրեն պատկանող մոտ 2000 հա հողատարածքից 503 քմ տարածքը հրաժարվում է տալ սիրելի պետությանը: Տեղեկացնենք, որ 2018-ին Արշակ Արշակյանին իր հողատարածքից 203 քմ տարածք վերցնելու եւ միջպետական մայրուղի կառուցելու համար, հանրային գերակա շահ ճանաչելու եղանակով, որոշվել է տրամադրել 40.5 մլն դրամի փոխհատուցում: Արշակյանը բողոքարկել է որոշումը, դատարանը կասեցրել է շինարարությունը: Այս տարվա մայիսին երեւանի Կառավարությունը նույն Արշակյանին առաջարկել է 5 անգամ ավելի փոխհատուցում՝ 202 մլն դրամ՝ վերագնահատման արդյունքում, սակայն Արշակ Արշակյանը պահանջում է շուրջ 700 մլն դրամի փոխհատուցում՝ հիմնավորելով, թե իր հողատարածքը դառնալու է մայրուղուն կից անհրապույր մի տարածք: Մինչդեռ նա այդ հատվածում ունի նաեւ ինքնակամ զավթած ու կանաչապատ հատված, որը եւս շարունակում է տնօրինել:
Փաշինյանն անկարող է լուծել խնդիրը
Սակայն ե՛ւ Կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ քաղաքապետարանը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, անկարող են իրենց գործընկերոջը համոզել՝ 503 քմ տարածքը 202 մլն դրամով կամ կես մլն դոլարից ավելի փոխհատուցմամբ տրամադրել պետությանը:
Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Նաիրի Սարգսյանը: Քանի որ նա քաղաքային խնդիրներով վլոգեր է դարձել, այս թեմայով հրապարակումներ ունեցավ: Ինչպես հայտնի է, Նաիրի Սարգսյանն աշխատում է «Ջի Թի Բի» ընկերությունում՝ որպես ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, իսկ այդ ընկերության հիմնադիրը եւ շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանի փեսան:
Ահա այն ենթադրյալ կոռուցպիոն շղթան, որը խափանում է Թրամփի ուղի կառուցելու հավակնություններ ունեցող Փաշինյանի իշխանության շինաշխատանքների՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Երեւանի ՀԱՏ թաղամասի հատվածը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:






























